Քոչարյանն առաջիկայում կմեկնաբանի Սամվել Բաբայանի ձերբակալությունը․ Վ. Սողոմոնյան.«ՀԺ»
Ճի՞շտ է, որ Ռոբերտ Քոչարյանն է հովանավորում Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի եւ Սամվել Բաբայանի գործողությունները ու ինչ կապ ունի «Իգլա» զենիթահրթիռային համակարգը Հայաստան ներմուծելու շուրջ ծագած աղմուկի հետ:
ՀԺ-ի թղթակիցը այս հարցերով դիմել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին:
«Նա արդեն շատ պարզ ասել է իր վերջին հարցազրույցում, որ քաղաքական գործընթացների մեջ ներգրավված չէ: Ես դրան ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասել է Սողոմոնյանը: Թե՛ մամուլում, թե՛ սոցցանցերում հաճախ են մեկնաբանություններ հնչում, որ հենց Քոչարյանն է կանգնած ՕՐՕ դաշինքի հետեւում: Սույն դաշինքի փաստացի ղեկավարը, ինչպես հայտնի է, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն է, որը Քոչարյանի մերձավորներից է: Դաշինքի մեկ այլ առաջնորդ՝ Վարդան Օսկանյանը, նույնպես Քոչարյանին հավատարիմ գործիչ է եղել եւ մինչեւ հիմա էլ նրա հետ շփումներ ունի: Ինչ վերաբերվում է Բաբայանի ձերբակալությանը, Վ. Սողոմոնյանը խոստացավ Քոչարյանի մեկնաբանությունը առաջիկայում փոխանցել: «Կհարցնեմ ու կասեմ:Հենց եղավ, անմիջապես կփոխանցեմ»,- ասաց նա՝ հաստատելով, որ Քոչարյանը Երեւանում է: