Դավիթ Հարությունյանը՝ հրապարակված ձայնագրությունների մասին
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն արձանագրել է, որ 114 դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ վարչական ռեսուրսի չարաշահում են թույլ տվել և հրապարակել է այդ մասին փաստող ձայնագրությունները: «Ելք» դաշինքը ասուլիս էր հրավիրել, որտեղ նշվում էր, որ ՀՀԿ-ի գրանցումը պետք է անվավեր ճանաչել, իսկ հանրակրթարանների տնօրեններին ազատել աշխատանքից: Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ ճանաչելու հիմքեր բացարձակապես չկան: «Հիմա ես ընդհանուր գնահատական տալ չեմ կարող, որովհետև պետք է մանրամասն ուսումնասիրեմ: Ես մի քանի հատը ստուգեցի, որոնցից մեկում ես որոշակի խնդիր տեսա, իսկ երկուսում՝ ոչ մի խնդիր չտեսա: Այն մեկում, որում ես որոշակի խնդիր տեսա, դա չի նշանակում, որ ես ակնհայտորեն կարող եմ պնդել, որ առկա է ընտրախախտում կամ ընտրական օրենսդրության խախտում, կամ էթիկայի կանոնների խախտում, մինչև իրականում յուրաքանչյուր դետալ չիմանամ»,- նշեց Դավիթ Հարությունյանը: Ըստ նրա՝ ստեղծվում է լայնածավալ խախտումների պատրանք, սակայն պետք է շատ մանրակրկիտ ուսումնասիրություն կատարվի: Անի Աղազարյան
