12-ամյա դպրոցը կդարձվի 1+11. Կարեն Կարապետյան
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ 12-ամյա կրթության ոլորտում մտադիր է կատարել բարեփոխումներ, որ երեխաները ստանան այն կրթությունը, որը պահանջում է ժամանակից կյանքը:«Լինի դա Երևանում, թե մարզերում, գյուղական համայնքներում, կրթությունը պետք է որակապես բարձրացնենք: Հայտնի է, որ նույն գյուղական համայնքներից դուրս են եկել բազմաթիվ խելացի և այժմ հաջողությունների հասած մարդիկ, ուստի մեծապես կարևորում ենք կրթության որակի ապահովումը: Մենք ցանկանում ենք 12-ամյա դպրոցը դարձնել 1+11, որտեղ մեկը նախապատրաստականն է լինելու, իսկ 11 տարիների ընթացքում երեխաները սովորելու են նաեւ բիզնես, ֆինանսներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ռոբոտատեխնիկա: Այսինքն այն, ինչ ժամանակակից կյանքն է պահանջում»,- ասաց Կարեն Կարապետյանը: Վարչապետի խոսքով պետությունը սահմանել է տարբեր թիրախային խմբեր, որոնց թվում են գերազանց սովորող ուսանողները, անապահով ընտանիքների ուսանողները և այլն, որոնց ուսման վարձը փոխհատուցվում է: Անի Աղազարյան
