Խոշոր ավտովթար Մեծ Մանթաշ գյուղում
Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Մեծ Մանթաշ գյուղի գյուղապետարանի հարևանությամբ կողաշրջվել է Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազային պատկանող КрАЗ մակնիշի 0145 YO համարանիշի ավտոբաքը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան, իսկ կողաշրջման հետևանքով մոտ 1,5 տոննա դիզվառելիքը թափվել է, իսկ ավտոբաքում եղել է մոտ 10 տոննա դիզվառելիք: Օպերատիվորեն դեպքի վյար են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 49 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև նշված ռազմաբազայի զինծառայողները, ովքեր նախ վերամղել են վառելիքը, իսկ այնուհետև կատարել ավտոբաքի ուղղում: Վթարված ավտոմեքենան տեղափոխելուց հետո Արթիկի հրշեջ-փրկարարները իրականացրել են տարածքի լվացման աշխատանքներ: Փաստի առթիվ ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում հետաքննություն է սկսվել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
