Մեզ բոլորիս զգուշացրել են, որ մեզ ձերբակալելու են. Ազատամարտիկների դաշինք
«Նրանք համոզված են, որ Սամվել Բաբայանի ձերբակալությունը քաղաքական նկատառումներ ուներ:Մեր մարտական ընկեր Սամվել Բաբայանը երբեք չէր կարող իր երկրի համար որեւէ վատ բան անել:Մարդիկ մեզ վստահում են, եւ մեր դիրքերը թուլացնելու համար նման քայլ արեցին: Սա ոչ միայն Սամվել Բաբայանին է ուղղված, այլեւ ՕՐՕ դաշինքին: Եթե անգամ տեռորիստական ակտ էր պատրաստվում, նրանք կասեցրեցին դա, կարող էին սպասել ու բարձրաձայնել ընտրություններից հետո, բայց իրենց հիմա էր պետք», – ասում է Ազատամարտիկների դաշինքի անդամ Ռազմիկ Պետրոսյանը: Հարցին՝ ինչու հենց Սամվել Բաբայանը և ինչ է փոխվում նրա ձերբակալությունից հետո դաշինքի մոտ, նա նշեց, որ դեռ Ջրառատի դեպքերից հետո Բաբայանը համարվում էր առաջնահերթ թիրախ, նրան փորձում էին ներկայացնել, որպես դաշինքի ստվերային առաջնորդ: «Սա խոսում է իշխանության վախի մասին: Մենք շարունակելու ենք մեր մարտավարությունը, ու հասցնելու ենք հաղթական ավարտի»,-ասաց նա: «Արաբո» ջոկատի հրամանատար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ռեյտինգային թեկնածու Մանվել Եղիազարյանն էլ կարծում է, որ Սամվել Բաբայանին ձերբակալել են մարդկանց ճնշելու համար. «Հանրապետականը պետք է կեղծի ընտրությունները ու վախի մթնոլորտ ստեղծելու համար պետք է ձերբակալի Արցախի հերոսին: Բաբայանին կալանավորում են, որ ասեն՝ Կուժ քեզ ասեմ, կուլա դու լսիր: Սա զգուշացում է, որ բոլորիդ կալանավորելու եմ: Որ ընտրություններից հետո ոչ ոք փողոց դուրս չգա»: Ազատամարտիկը վստահ է, որ իշխանությունները խուճապի մեջ են . «Երբ բոլոր բանտերը լցվում են քաղբանտարկյալներով, ուրեմն ռեժիմի վերջը եկել է»: «Հետաքրքիրն այն է, թե «Իգլան» Սամվել Բաբայանի ինչին էր պետք: Ինձ թվում է դրա տակ ուրիշ բան կա: Ըստ մամուլի ամսի 27-ին պատրաստվում էր տեռակտ: Բաբայանի վրա աշխատանքներ տարվում էին արդեն վեց ամիս: Օհանյան Սեյրանին էլ վախեցնում էին, մեզ էլ բայց վախենալ չկա, մենք մեր վախը պատերազմի ժամանակ առել ենք: Բաբայան Սամվելն այն մարդն է, որ իր կյանքը կտա տարածքների համար, նա չի ուզում Ղարաբաղը տեսնել նսեմացած և Ադրբեջանի կազմում: Նրան ամենաշատը թուրքերն են ատում: Մերոնք աջակցում են սրանով թուրքերին և իրականցնում են նրանց երազանքը»,-իր հերթին ասաց ազատամարտիկ Գագիկ Մելքոնյանը: «Մենք ուժեղ իշխանություն չունենք, մեր ընդդիմությունն է միշտ թույլ եղել: Իսկ հիմա նրանք տեսել են, որ ընդդիմությունը ուժեղ է, դրա համար էլ ցայտնոտի մեջ են ու տեղի են ունենում այս բոլոր իրադարձությունները»,- հավելում է մեկ այլ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը: Սոնա Դավթյան
