«Այն, ինչ այսօր շրջում է հրապարակում, մի քիչ անլուրջ է». Արարատ Զուրաբյանը՝ Սամվել Բաբայանի մասին
Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությանը անդրադառնալով՝ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ, թիվ 4 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Արարատ Զուրաբյանը նշեց, որ պետք է պահպանել անմեղության կանխավարկածը:«Մշտապես կասկածելի է, երբ որեւէ ձերբակալություն է տեղի ունենում նախընտրական շրջանում, թե ինչ շահեր են գործում` միշտ անհասկանալի է: Ես ուզում եմ մշտապես, անկախ այն բանից, ձերբակալել են Սամվել Բաբայանին, թե մեկ ուրիշի, որպեսզի գործի անմեղության կանխավարկածը: Համոզված եմ, որ շատ կարճ ժամանակահատվածում ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց Արարատ Զուրաբյանը: Ինչպես ասաց՝ պետք է սպասել և հասկանալ, թե ինչ է կատարվում. «Այն, ինչ այսօր շրջում է հրապարակում, մի քիչ անլուրջ է»: Անդրադառնալով ԱԱԾ-ի տարածած հաղորդագրություններին՝ Զուրաբյանն ասաց, որ պետք է լինեն լուրջ հիմնավորումներ, որ ինչ-որ բանի հավատալու հարց առաջանա: «Ակնհայտ է, որ ՀՀ-ում ընտրություններ են, եւ նա մեկուսացված է, թե ինչու եւ ինչ նպատակ է հետապնդում` չգիտեմ: Իհարկե ոչինչ չեմ բացառում, բայց պետք է շատ լուրջ հիմնավորումներ տան»,- եզրափակեց Զուրաբյանը: Անի Աղազարյան
