Հայ-ռուսական հարաբերություններն անընդհատ զարգանում ու հարստանում են. Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ստեղծված Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության գլխավոր տնօրեն Սվետլանա Չուպշեւային եւ «Առաջնորդների ակումբ»-ի նախագահ Արտյոմ Ավետիսյանին, ովքեր իրենց գլխավորած պատվիրակությունների հետ Հայաստանում են գտնվում ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հրավերով: Սարգսյանը ողջունել է հյուրերին եւ գոհունակությամբ ընդգծել, որ հայ-ռուսական հարաբերություններն ու փոխգործակցության օրակարգն անընդհատ զարգանում եւ հարստանում են՝ ներառելով նորանոր բնագավառներ. միջպետական, միջխորհրդարանական ձեւաչափերով ակտիվ փոխգործակցության հետ մեկտեղ ընդլայնվում են կապերն ակադեմիական, հասարակական շրջանակների միջեւ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի ներդրումային եւ գործարար միջավայրերի զարգացման ու ամրապնդման ռազմավարությունների եւ ծրագրերի նախագծման գործընթացում ակտիվորեն ներգրավված Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության ու «Առաջնորդների ակումբ»-ի համագործակցությունը, փորձի փոխանակումը ՀՀ կառավարության նորաստեղծ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ երկուստեք օգտակար եւ արդյունավետ կլինի: Սվետլանա Չուպշեւան եւ Արտյոմ Ավետիսյանը Սարգսյանին ներկայացրել են իրենց գլխավորած կազմակերպությունների գործունեությունը, վերջին շրջանի հետաքրքիր նախաձեռնությունները եւ պատրաստակամություն հայտնել սերտացնելու կապերը հայաստանյան գործընկերների հետ՝ փոխադարձաբար հյուրընկալելով նրանց Ռուսաստանում:
