Դիտորդ լինելու հարցն առաջացավ այն ժամանակ, երբ ակնհայտ դարձավ, որ Հայաստանում ընտրությունները բարդ գործընթաց են. Արսինե Խանջյան
Ակնհայտ է, որ Հայաստանում ընտրությունները բարդ գործընթաց են, և Սփյուռքը ոչ միայն պետք է մասնակցի ավանդական միջոցառումներին, որոնց սովորաբար մասնակցում է, այլ պետք է նաև իր մասնակցությունն ունենա ներքաղաքական գործընթացներին: Այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց կանադահայ կինոդերասանուհի Արսինե Խանջյանը: «Դիտորդ լինելու հարցն առաջացավ այն ժամանակ, երբ ակնհայտ դարձավ, որ Հայաստանում ընտրությունները բարդ գործընթաց են։ Հուլիսյան դեպքերից հետո ես որոշեցի, որ ժամանակն է, որ սփյուռքն իր մասնակցությունն ունենա Հայաստանում կատարվող իրադարձություններին ոչ միայն ավանդական դարձած միջոցառումների ժամանակ, այլ նաև ներքաղաքական միջոցառումներին: Ավանդական ճանապարհը շարունակել պետք է, բայց նաև մասնակցության նոր ճանապարհ պետք է ընտրել, և այդ ձևերից մեկը դիտորդ լինելն էր ընտրությունների ընթացքին»,-ասաց Խանջյանը՝ հավելելով, որ 250 դիտորդ ժամանում է Հայաստան: Հարցին, թե հեղինակավոր հայեր են ընդգրկված դիտորդների թվում, արդյո՞ք նրանց հեղինակությունը կանդրադառնա ընտրությունների ընթացքի վրա, Արսինե Խանջյանն ասաց, որ ամենակարևորն այն է, որ քաղաքացիները իմանան իրենց իրավունքները և իրենց ներկայությունը պետք է դիտվի որպես քաջալերանք: «Սփյուռքում բազմաթիվ հայեր կան, որ կարող են գալ և մասնակցել ընտրություններին և իրենց քվեով տեր կանգնել իրենց ձայնին»,-ասաց դերասանուհին: Հարցին, թե երբ են պատրաստվում դիտորդական առաքելություն իրականացնող հայերը ժամանել, Արսինե Խանջյանն ասաց. «Ատոմ Էգոյանը, Էրիկ Նազարյանը տարբեր օրերի կգան: Ամսվա վերջին այստեղ կլինի Սեր Թանկյանը: Այս պահից սկսած սպասում ենք, որ դիտորդները ժամանեն Հայաստան, կան նաև անկախ դիտորդներ, որոնք արդեն այստեղ են»: Հարցին, թե Ատոմ Էգոյանը հայտարարել է, որ հնարավոր է՝ նաև փողոց դուրս գա, արդյո՞ք Արսինե Խանջյանը համամիտ է դրա հետ և արդյո՞ք հնարավոր համարում է հետընտրական զարգացումները Հայաստանում, Արսինե Խանջյանն ասաց. «Այս հարցին պատասխանելու համար պետք է նայել, թե ինչպես է Հայաստանում ժողովուրդն արտահայտվում, և միակ ձևը փողոց դուրս գալն է, որը հասարակ բան չէ: Սակայն, եթե ընտրությունների լեգիտիմության հարց առաջանա, ապա չկան հաստատություններ, որտեղ քաղաքացին իր գանգատը կներկայացնի։ Երբ բոլոր կառույցներն իշխանության ներքո են, այդ դեպքում ինչո՞ւ չէ, դուրս կգամ փողոց»:
