ԱԱԾ-ն նոր մանրամասներ է ներկայացրել «Իգլա» զենիթահրթիռային համալիր տեղափոխելու գործով
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը տարածել է հաղորդագրություն Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու փաստի կապակցությամբ իրականացվող նախաքննության վերաբերյալ: «Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցներից պարբերաբար ստացվող հարցումների՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը տեղեկացնում է, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու փաստի կապակցությամբ իրականացվող նախաքննության ներկայիս փուլում կասկածյալների մասնակցությամբ կատարվում են տարաբնույթ քննչական գործողություններ, որոնք ուղղված են կատարված հանցանքին նրանցից յուրաքանչյուրի մասնակցության բնույթը և աստիճանը հստակեցնելուն, ինչպես նաև դեպքի մյուս հանգամանքները պարզաբանելուն: Միաժամանակ Վրաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ անցկացվում են համատեղ միջոցառումներ՝ հայտնաբերված ռազմամթերքը հայվրացական պետական սահմանով ենթադրաբար անցկացնելու վերաբերյալ ձեռք բերված նախնական տվյալների հավաստիությունը ստուգելու համար: ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտնում է նաև, որ քրեական գործի շրջանակներում նոր զարգացումների առկայության դեպքում դրանց վերաբերյալ կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն»:
