Ինչ է ասել Սերժ Սարգսյանը Հրազդանում երեկվա փակ հանդիպմանը
Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային այցով գտնված Սերժ Սարգսյանը երեկ, երեկոյան Հայաստան վերադառնալով՝ հենց օդանավակայանից մեկնել է Կոտայքի մարզ, եղել Հրազդանում։ Մարզկենտրոնում հանդիպել է ՀՀԿ-ական համայնքապետերի ու ռեյտինգային թեկնածուների հետ։ Այստեղ եւս ՀՀԿ ղեկավարը կարեւորել է ընտրությունների որակի հանգամանքը։ Խոսել է նաեւ այլ հարցերի մասին, մասնավորապես, մոտ ապագայում սպասվող ներդրումների մասին է հայտնել, կոնկրետ հայտնել է, որ Սամվել Կարապետյանը 250 մլն դոլարիի ներդրում է անելու, հասկացրել է նաեւ, որ դեռ մեկ տարի իր մենիշխանությունն է լինելու, ներկաները տարբեր հարցերով են դիմել, հատկապես դժգոհություն է հնչել Ծառուկյան դաշինքի կողմնակիցների ակտիվության մասին, թեկնածուների ձայն փախցնելու մասին, Սերժ Սարգսյանը հանդարտության կոչ է արել՝ ասելով, որ 1-2 տոկոս տարբերություն է դա տալու։ Իսկ գյուղապետերից մեկն էլ այնքան է ոգեւորվել, որ խանդավառությամբ է խոսել Կարեն Կարապետյանին քարոզչությունը վստահելու փաստը, ինչին նախագահը ոչ միանշանակ, հեգնանքով է արձագանքել։
