«Բոլոր մարզպետները Ամերիկյան համալսարանում համապատասխան դասընթացներ են անցնելու». Կարեն Կարապետյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետը համայնքների զարգացման հինգամյա ծրագրի վերաբերյալ հանձնարարական տվեց։ «Նախորդ տարեվերջին համայնքների ղեկավարներին տրվել էր համայնքների զարգացման ծրագրի կազմման նոր մեթոդաբանությունը: Բայց համայնքների բնակիչների հետ հանդիպումները փաստում են, որ համայնքների ղեկավարները դրանք շատ քիչ են քննարկել բնակիչների հետ: Արձանագրվել են դեպքեր, երբ համայնքի բնակիչներն առհասարակ տեղյակ չեն դրանց մասին կամ բարձրաձայնում են համայնքի համար կարևոր հիմնահարցեր, որոնք նույնիսկ տեղ չեն գտել այդ ծրագրի մեջ»,- ասաց նա: Վարչապետը տարածքային կառավարման ու զարգացման նախարարին և մարզպետներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում կազմակերպել համապատասխան ծրագրերի վերանայման գործընթաց՝ լիարժեք ներգրավելով համայնքների բնակիչներին։ Կարեն Կարապետյանը Դավիթ Լոքյանին հանձնարարեց երեքշաբաթյա ժամկետում ընտրել համայնքների հինգամյա զարգացման լավագույն ծրագրերը և դրանց վերաբերյալ քննարկում անել կառավարության աշխատակազմի հետ։ Հանձնարարականից հետո վարչապետը նշեց. «Գերմանական կառավորության հետ իրականցվող ծրագրի շրջանակներում 250 համայնքների ղեկավարների ուսուցման աշխատանքները պետք է արագացնել: Ամերիկյան համալսարանի հետ արդեն, կարծեմ, կնքել ենք պայմանագիր, բոլոր մարզպետները Ամերիկյան համալսարանում համապատասխան դասընթացներ են անցնելու ռեգիոնալ կառավարման վերաբերյալ»:
