Ադրբեջանը չի թաքցնում խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իր ցանկությունը. Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը
Մարտի 21-ին, Ֆինլանդիա կատարած միջեկեղեցական այցի շրջանակներում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Կարելիայի և Համայն Ֆինլանդիայի արքեպիսկոպոս, Ֆինլանդիայի Ուղղափառ Եկեղեցու պետ Լեոյի հետ, տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Կուոպիո քաղաքում ուղղափառ եկեղեցու կենտրոն և թանգարան այցելությունից հետո երկու եկեղեցապետերը համատեղ աղոթքի մասնակցեցին Նոր Վալաամ վանական համալիրում: Լեո արքեպիսկոպոսը, շեշտելով Հայոց Եկեղեցու առաքելական հնագույն ծագումն ու բերած ավանդն ընդհանրական քրիստոնեական ընտանիքից ներս, կարևորեց նաև Հայաստանյայց Առաքելական և Ֆինլանդիայի Ուղղափառ Եկեղեցիների միջև ձևավորված ջերմ եղբայրական հարաբերությունների հեռանկարների ու զարգացումների միասնական, համատեղ ջանքերով կերտումը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հերթին գոհաբանությամբ առ Աստված ուրախություն հայտնեց կրկին` 13 տարի անց, Ֆինլանդիայի օրհնյալ հողում Կարելիայի և Համայն Ֆինլանդիայի արքեպիսկոպոս Լեոյի և նրա հավատացյալ հոտի հետ միասնաբար աղոթք բարձրացնելու հնարավորության առիթով:
Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին պատմության ընթացքում մշտապես իր առաքելության կարևորագույն մասն է համարել ժողովուրդների միջև խաղաղ համակեցության, փոխհանդուրժողականության ու փոխըմբռնման հաստատմանն ուղղված գործընթացներին իր մասնակցությունը: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ ղարաբաղյան հակամարտության առաջին օրվանից Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդի միջև սկզբնավորված երկխոսությանը և հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին:
«Ցավոք, Ադրբեջանը չի թաքցնում խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իր ցանկությունը, ինչը փաստում են 2016 թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում սանձնազերծված ռազմական գործողությունները:
Իբրև պատերազմի և արհավիրքի ցավը կրող ժողովուրդ՝ մեր ցանկությունն է, որ շուտափույթ խաղաղություն հաստատվի ողջ աշխարհում, և չլինեն սգացող այրիներ, որբացած զավակներ և որդեկորույս մայրեր, որպեսզի ամենքն ապրեն ապահով, խաղաղ և երջանիկ կյանքով:
Այս մտածումներով մեր ջերմեռանդ աղոթքն ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված` խնդրելով, որ Տերն օժտի մեզ իր սիրո շնորհով և զորացնի ճշմարտության իր հոգով: Թող Ամենաբարին Աստված օրհնի Ֆինլանդիայի Հանրապետությունը և այս հյուրընկալ երկրի բարեսիրտ ժողովրդին` շնորհելով հարատև առաջընթաց և բարօրություն», - ասաց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
