Կիրո Մանոյանը՝ Սամվել Բաբայանի ձերբակալության մասին. Մտահոգիչ է երևույթը, խոսում է ուրիշ բաների մասին
«Առավոտ»-ը ՀՅԴ բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանից հետաքրքրվել է՝ ի՞նչ կարծիքի է ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության մասին: «Իմ ունեցած տեղեկությունները շատ նախնական են: Եթե, իսկապես, դա կապված է այն գործի հետ, որով Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել է տեղեկություն, թե Վրաստանի վրայով զենք են բերել Հայաստան, դա մտահոգիչ է, բայց մնացածի համար փաստեր են պետք: Չեմ կարող հավատալ, որ առանց որևէ հիմքի են իրեն ձերբակալել, որովհետև մեր Ազգային անվտանգության ծառայությունն այդքան ապիկար չէ: Եթե, իսկապես, այդպիսի հանցագործություն կա, պետք է դեռ դատավարություն լինի: Ամեն դեպքում մտահոգիչ է երևույթը, խոսում է ուրիշ բաների մասին, բայց առաջ չընկնենք, երևի՝ ուրիշ փաստեր էլ կհրապարակեն, և դրանից հետո ավելի հեշտ կլինի կողմնորոշվելը», - ասել է Կիրո Մանոյանը:
