Արգամ Աբրահամյանը վարչապետին չդիմավորեց
Արդեն տեղեկացրել ենք,որ ՀՀԿ-ն քարոզարշավ է իրականացնում Արարատի մարզում: Արտաշատում ընտրողների հետ հանդիպմանը ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Արա Բաբլոյանը և ասաց,որ արարատցիները ազնիվ, աշխատասեր, մարդասեր մարդիկ են, իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը հենց ազնվություն է քարոզում: Կարեն Կարապետյանը իր ելույթում վստահեցրեց, որ իրենք հաջողությամբ կատարել են 6 ամսվա ծրագիրը, որը ներկայացրել էին. «Ուզում եմ ձեզ հաշվետվություն տամ վիճակագրական, թե ինչ է կատարվել այս 6 ամսվա ընթացքում: 2017-ի երկու ամիսը համեմատելով 2016-ի հետ , ունենք հետեւյալ թվերը՝ առեւտրական ակտիվության 6.2 տոկոս աճ, արդյունաբերության 16.1 տոկոս աճ, ընդ որում, արդյունաբերության մեջ ունենք 109 տոկոս գյուղատնտեսության աճ, 130 տոկոս մետալուրգիայի աճ, 150 տոկոս խմիչքի արտադրութան աճ, 147 տոկոս IT ոլորտի աճ»: Կարեն Կարապետյանի ելույթից հետո միջոցառման քարոզչական մասն ավարտվեց եւ շարունակվեց համերգը: Քարոզարշավից անմիջապես հետո թիկնապահների ուղեկցությամբ նա հեռացավ Արտաշատի հրապարակից։ Լրագրողները Կարեն Կարապետյանից փորձեցին մեկնաբանություն ստանալ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալման մասին: Կարեն Կարապետյանը այդպես էլ չպատասխանեց Սամվել Բաբայանի վերաբերյալ լրագրողների հարցին: Այսօրվա այցի ուշագրավն այն էր,որ Արտաշատում Կարեն Կարապետյանին Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանն պաշտոնապես չդիմավորեց: Քաղաքապետարանի դիմացի հրապարակ վարչապետը եկավ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ուղեկցությամբ: Հիշեցնենք, որ Արգամ Աբրահամյանը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է, պատգամավորության թեկնածու է «Ծառուկյան» դաշինքի համամասնական եւ ռեյտինգային ցուցակներով:
