Ահազանգ Էրեբունուց. բնակիչները սպառնում են բողոքի ալիք բարձրացնել
Քիչ առաջ armlur.am-ին ահազանգեցին Էրեբունի վարչական շրջանի մի խումբ բնակիչներ` հայտնելով, որ վարչական շրջանում սանմաքրման աշխատանքներ իրականացնելու դիմաց վարչական շրջանի սանմաքրման բաժինը աշխատակիցների վերջնահաշվարկները չի տալիս: Մեր զրուցակիցների փոխանցմամբ` ավելի քան քառասուն աշխատակից արդեն տևական ժամանակ է` անելանելի վիճակում է: Բանն այն է, որ ընկերությունը մեկ տարի առաջ սնականցման պատաճառով լուծարվել է, որից հետո էլ աշխատակիցների` վերջնահաշվարկի պահանջն այդպես էլ մնացել է անկատար: Աշխատակիցներից Մամութ Մստոյանը ArmLur.am-ին հայտնեց, որ իրենց նկատմամբ այս ապօրինի քայլերի պատճառով մոտ 25 քաղաքացի հավաքվել է Սասունցի Դավիթ կայարանում և պատրաստվում է գնալ ընկերություն` բողոքի ալիք բարձրացնել: Նա նշեց, որ պատրաստվում են գնալ Էրեբունու թաղապետարան, եթե այնտեղ սպառիչ պատասխան չտրվի, գնալու են քաղաքապետարան, ընդհուպ մինչև Արարատի մարզ` հանդիպելու վարաչապետ Կարեն Կարապետյանին և խնդրի մասին իրազեկելու: (Ինչպես հայտնի է` վարչապետն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում գտնվում է Արարատի մարզում): ArmLur.am-ը կապ հաստատեց ընկերության տնօրեն Հարութ Խաչատրյանի հետ, ով միանգամից հայտարարեց, որ այս պահին երկրում չէ և խոստացավ վերադառնալուց հետո հանդիպել աշխատակիցներին և լուծել խնդիրը: Թե ինչու մինչև հիմա խնդիրը չի լուծել, մեր զրուցակիցը չմանրամասնեց: Նորից կապ հաստատելով աշխատակիցների հետ` փոխանցեցինք, որ տնօրենը խոստացել է հանդիպել և խնդրին լուծում տալ, սակայն նրանք չընկրկեցին և հայտարարեցին, որ անարդյունավետ ու անպտուղ հանդիպումներ բազմիցս ունեցել են: Ի դեպ, նրանց խոսքով` այս վիճակը ստեղծվել է «Սանիթեք» ընկերության հայտնվելուց հետո ընկերությունը կրճատումներ է արել. մարդիկ ոչ միայն գործազուրկ են դարձել, այլև իրենց հասանելիք գումարները չեն կարողանում ստանալ:
