Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին նաեւ Հայաստանը
Վրաստանում այս տարի հուլիսի վերջին՝ Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Վազիանիի ռազմակայանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին առաջին անգամ մասնակցելու է նաեւ Հայաստանը: Մասնակից երկրների ցանկում նշված են նաեւ Ադրբեջանը, Թուրքիան: Noble Partner 2017 զորավարժություններին մասնակցելու են ՆԱՏՕ-ի անդամ եւ դաշինքի գործընկեր 11 երկրներ՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Ռումինիան, Թուրքիան, Սլովենիան, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան եւ Հայաստանը: Վրաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ զորավարժությունների նպատակն է ամրապնդել ՆԱՏՕ-ի եւ գործընկեր երկրների համագործակցությունը, խորացնել տարածաշրջանային եւ բազմազգ գործընկերությունը, ինչպես նաեւ ուժեղացնել Վրաստանի պաշտպանունակությունը: Հաղորդագրությունում նշված է, որ մասնակից երկրների ներկայացուցիչները անցած շաբաթավերջին Վազիանիում անցկացված հանդիպմանը քննարկել են զորավարժությունների նախապատրաստման եւ պլանավորման հարցեր: Noble Partner զորավարժությունները Վրաստանում անցկացվում են երրորդ անգամ:
