Արցախյան հարցում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընդամենը 2-3 տարաձայնություն է մնացել. Լևոն Տեր-Պետրոսյան (տեսանյութ)
Ադրբեջանը պատրաստ է զիջումների, իսկ բանակցային սեղանի վրա դրված փաստաթղթում մնացել է ընդամենը 2-3 տարաձայնություն: Այս մասին Հանրային հեռուստատեսության «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ հայտարարեց «Կոնգրես -ՀԺԿ» դաշինքը գլխավորող, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Հիշեցնենք, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերից միակն է, որը նախընտրական ծրագրային առանցքային դրույթ է հռչակել արցախյան հիմնահարցի կարգավորումը: Պատասխանելով հարցին, որ որևէ քաղաքական ուժ չի հերքում փոխզիջումային տարբերակով Լեռնային Ղարաբաղի հարցը լուծելու հնարավորությունը, ուրեմն՝ ինչո՞վ է տարբերվում Լևոն Տեր-Պետրոսյանի փոխզիջումային տարբերակը այլոց առաջարկած տարբերակներից, առաջին նախագահն ասաց. «Նախ, ճշտենք, ես որևէ կարգավորման ծրագիր չեմ առաջարկել, ոչ էլ ինձ հակաճառողներն են առաջարկել: Այս ծրագիրը կա՝ մեզնից անկախ: Խնդիրը մեր և Ադրբեջանի միջև չէ: Խնդիրը մեր և աշխարհակարգի միջև է: Մենք՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միջազգային ամենահեղինակավոր իրավաքաղաքական կառույցների իրավահավասար անդամներ ենք՝ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի: Այս հակամարտության կարգավորման սկզբունքները որոշել ենք ոչ թե մենք՝ Հայաստանը, Ադրբեջանը կամ Ղարաբաղը, այլ՝ այդ կառույցները: Դա վերացական մի հարթակ չէ, այլ կոնկրետ լիազորություններով օժտված մի ատյան, որին վստահված է տնօրինել այս հարցը: Դա ԵԱՀԿ-ի Մինսկի խումբն է, որը ստացել է և ՄԱԿ-ի օրհնությունը: Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի բոլոր բանաձևերում նշվում է, որ այդ իրավասությունը պատկանում է ԵԱՀԿ Մինսկի խմբին: Բոլոր այն առաջարկները, որ մինչև հիմա եղել են, դրանք եղել են ոչ թե մերը կամ Ադրբեջանինը, կամ Ղարաբաղինը, դրանք բոլորը եղել են միջազգային կառույցների առաջարկները մեզ՝ հակամարտող կողմերին: Հիմա հարցը կոնկրետ է դրված. ոչ ե՛ս կարող եմ առաջարկել ինչ-որ ծրագիր, ո՛չ էլ իմ ընդդիմախոսները: Հիմա դրված է կարգավորման մի պլան, այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների հիման վրա, և արդեն 2007-ից սկսած մեր իշխանությունները, նաև Ադրբեջանը, հենց այս պլանի շուրջ են բանակցում»: Ըստ ՀՀ հիմնադիր նախագահի՝ մինչև այժմ եղել է 6 պլան՝ փաթեթային, փուլային, «Ընդհանուր պետության», ապա եղել է Քիվեսթյան պլանը, որը դուրս է Մինսկի խմբի շրջանակից, դա եղել է ամերիկյան ծրագիր, հետո արդեն՝ Մադրիդյան ծրագիրը: Լևոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանությամբ՝ սրանք, ըստ էության, իրարից չեն տարբերվում: Տարբերությունները մեթոդաբանական են: «Մի մասը եղել է փաթեթային, մի մասը՝ փուլային: Փաթեթայինները մերժվել են. 97 թվականի փաթեթայինը մերժել է Ղարաբաղը, 98 թվականի փաթեթայինը, որ «Ընդհանուր պետություն» էր կոչվում, մերժել է Ադրբեջանը, Հայաստանը ընդունել է, և այս պլանի մասին ես դեռ կխոսեմ: Մադրիդյաններն ընթացքի մեջ են՝ վերջնական մերժում չեն ստացել. և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը սկզբունքային համաձայնություն են հայտնել այս պլանն ընդունել որպես բանակցությունների հիմք»,-ասաց նա։ Պատասխանելով հարցին, թե այս պահին վերջինը Կազանյան փաստաթուղթը չէ՞, ՀՀ առաջին նախագահն ասաց, որ Կազանյան փաստաթուղթ գոյություն չունի, դրանք Մինսկի խմբի ստեղծած սկզբունքներն են, որոնք «օրհնվել են» ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի մի քանի համատեղ հայտարարություններով: Լևոն Տեր-Պետրոսյանը բացատրեց, որ վերջ, սա է, ուրիշ սկզբունք չկա: Իսկ հետագա վեճերը ընթանում են առանձին հարցերի շուրջ, սկզբունքների վերաբերյալ որևէ մեկը վիճաբանություն չունի: Ւսկ սկզբունքներն են՝ տարածքների վերադարձ, ուժի չկիրառման հավաստիացում և Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի սահմանում, գումարած՝ անվտանգության համակարգերի մանրամասները՝ խաղաղապահ ուժերի տեղադրում, և այլն: Պատասխանելով մեկնաբանին՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց. «Ո՞վ ասաց, որ հակամարտությունը չի լուծվում, շատ լավ էլ լուծվում է, ուղղակի բանակցությունները հենց նրա համար են, որ կողմերը փորձում են որքան հնարավոր է շահեկան դարձնել վիճակն իրենց համար»: Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ եթե սկզբում այդ տարաձայնությունները հսկայական էին, այսօր դրանց թիվը հասել է ընդամենը 1-2 հարցի: Պատասխանելով մեկնաբանի դիտարկմանը, որ հայկական կողմը պատրաստ է փոխզիջումների, Ադրբեջանը՝ ոչ, ՀՀ առաջին նախագահն ասաց, որ եթե Ադրբեջանը պատրաստ չլիներ փոխզիջումների, ընդհանրապես չէր մասնակցի Մինսկի խմբի աշխատանքներին։ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկնեց, որ երկու կողմն էլ պատրաստ են փոխզիջումների, ուղղակի փորձում են կորզել որքան հնարավոր է շահեկան պայմաններ, ինչը ըստ նրա բնական ընթացք է, և այդպես է եղել բոլոր պլանների ժամանակ՝ և՛ փուլայինի, և՛ փաթեթայինի: «Վերջիվերջո, գալիս է մի պահ, երբ կողմերն ասում են՝ այո կամ ոչ, դեռ այդ պահը չի եկել»,-ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը: Հարցին, թե Ադրբեջանը պատրա՞ստ է ճանաչել Արցախի անկախությունը, առաջին նախագահը պատասխանեց. «Դա լրիվ այլ հարց է ու էլի Ադրբեջանից կախված չէ: Դա որոշում է այդ միջազգային ատյանը (Մինսկի խումբը): Ադրբեջանը չի սահմանելու Ղարաբաղի կարգավիճակը, Ղարաբաղի կարգավիճակը սահմանելու է Մինսկի խմբի համանախագահությունը: Վերջ»: Նաև Լևոն Տեր-Պետրոսյանը բացատրեց, թե ինչու խնդիրը մինչև հիմա չէր լուծվում՝ միջազգային հանրությունը հաշտվել էր այն մտքի հետ, որ այո, կա կոնֆլիկտ, բայց զինադադարից հետո, ըստ էության, այն սառեցված է, հարցն իրենց համար առաջնահերթություն չէ, դրա համար լուրջ ջանքեր չեն գործադրել: Այսինքն՝ կոնֆլիկտի չկարգավորումը կախված է եղել ոչ թե կողմերի կամքից, այլ միջնորդների: Սակայն հիմա կան նոր հանգամանքներ, որոնք Լևոն Տեր-Պետրոսյանին լավատեսություն են ներշնչում: Դա այն է, որ առաջիկա ժամանակներում անպայման հարցը լուծվելու է: Նաև բացեց իր վերջին ելույթում արված այն հայտարարությունը, որ հակամարտության լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է. «Ռուսաստանը 1.5-2 տարի է՝ ներքաշված է մերձավորարևելյան աշխարհաքաղաքականության մեջ՝ ամենաակատիվ ձևով: Եվ դա ժամանակավոր բան չէ՝ Սիրիայի հարցերը պետք է լուծվեն, կան բազմաթիվ ուրիշ հարցեր՝ Իրաքի, Լիբանանի»։ Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Ռուսաստանը, ներքաշվելով աշխարհաքաղաքական նման մեծագույն իրադարձությունների մեջ, չի կարող հանդուրժել, որ այդ ճակատի թիկունքում, որն Անդրկովկասն է, այսպիսի պայթյունավտանգ օջախ ունենա: Եվ Ռուսաստանի վերջին շրջանի շատ ակտիվ ջանքերը՝ ուղղված Ղարաբաղյան հարցի կարգավորմանը, բացատրվում են այս հանգամանքով: Մյուս համանախագահներն էլ շատ ըմբռնումով են մոտենում այս հարցին և չեն խանդում: Ավելին՝ Արևմուտքը նույնիսկ շնորհակալ կլինի Ռուսաստանին, եթե այս հարցը լուծի՝ գոնե մի գլխացավանքից կազատվի: Ամփոփելով՝ ՀՀ առաջին նախագահն ասաց, որ եթե աշխարհում այսօր կա մի պետություն, որը մեծապես շահագրգռված է հարցի շուտափույթ կարգավորմամբ, Ռուսաստանն է: Այստեղ մի կարևոր հանգամանք կա, որը ՀՀ առաջին նախագահն ընդգծում է. այն է՝ Ռուսաստանն այն երկիրն է, որը թույլ չի տա լուծում, որը կթշնամացնի կողմերից մեկին իր հետ: Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «իր ընդդիմախոս քաղաքագետ կոչվածները, նախկին դիվանագետների 99 տոկոսը» պատկերացում չունի ղարաբաղյան գործընթացի էության վերաբերյալ: Ըստ նրա՝ իշխանությունն ունի այդ պատկերացումը և գնում է այդ գծով. «Ո՞վ է գնում, ո՞վ է բանակցում. գիշեր-ցերեկ կա՛մ Նալբանդյանը, կա՛մ Սարգսյանը Մոսկվայում են, Փարիզում են: Ինչի՞ շուրջ են բանակցում: Հետևողականորեն իրականացնում են այս ծրագիրը, ինչո՞ւ, այդ մարդիկ դավաճա՞ն են, հո՞ղն ուզում ծախել....: Հիմա, ինչպես քիչ առաջ ասացի, հրդեհը հանգցնելու ժամանակն է: Տեսանք՝ ապրիլին ինչ եղավ և ինչեր կարող են լինել: Ապրիլը խթանեց, այո»,-ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա հարց հնչեցրեց. «Եթե այս հարցը չլուծվի, մեզ քանի՞ ապրիլներ են սպասվում, մեր ժողովուրդը որքա՞ն զոհ պետք է տա, և այդ զոհերը իմաստավորվա՞ծ պետք է լինեն: Բացարձակապես: Ինչո՞ւ, որովհետև ինչ էլ անեն, ուրիշ լուծում չկա: Ես կոնկրետ եմ խոսում»: Կրկին պատասխանելով իր ընդդիմախոսներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց. «Ենթադրենք՝ մերժեցինք, ի՞նչ ենք ստանում։ Ունենում ենք նույն ստատուս քվոն և այս՝ շրջափակման, պատերազմի ամենօրյա վտանգի պայմաններում, ամենօրյա զոհերի վտանգի տակ մենք զարգանու՞մ ենք, մենք կարողանո՞ւմ ենք այնքան միջոցներ հայթայթել, որ մեր բանակն ուժեղացնենք, մենք կարողանո՞ւմ ենք մեր ժողովրդի սոցիալական վիճակը լավացնել: Արտագա՞ղթն է պակասելու»: Սա, ըստ Պետրոսյանի՝ վերջին 20 տարիներին տեսել ենք՝Հայաստանը տարեց տարի նվազել է, նվաղել: Իսկ համանախագահության առաջարկած ծրագիրը, ըստ նրա, նորմալ, բալանսավորված ծրագիր է, և եթե Հայաստանը հենց այսօր վճռականորեն հայտարարի, որ պատրաստ է այն ստորագրել, Ադրբեջանը չի կարող հրաժարվել: «Թող փորձի մերժել, այդ դեպքում, միջազգային հանրության ողջ ճնշումն ուղղվելու է Ադրբեջանի դեմ: Հիմա միջնորդներն էլ օգտվում են այն հանգամանքից, որ Հայաստանն էլ, ըստ էության, չի ասել, որ պատրաստ է ստորագրել փաստաթուղթը: Դրա համար, երբ միջադեպեր են լինում սահմանին, գիտեք համանախագահների ստանդարտ հայտարարությունները՝ «դատապարտում ենք, զսպվածության կոչ ենք անում կողմերին»»,- մեկնաբանեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Այսինքն, ըստ նրա, այդ հայտարարությունն ինքնին անվտանգության կարևորագույն երաշխիք կդառնա Հայաստանի համար: Դիտարկմանը, որ Կազանում ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են ստորագրել, Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց, որ հայտարարելը քիչ է, պետք է «վերցնեին Մեդվեդևի ձեռքից, ասեին, ըհը՝ ստորագրեցինք»: Լևոն Տեր-Պետրոսյանը խոստովանեց, որ այս հնարքն օգտագործել է Աշխաբադում տեղի ունեցած ԱՊՀ գագաթնաժողովներից մեկում, և դա շատ մեծ արդյունք է տվել: Այսինքն՝ երբ հայր Ալիևն իր ստանդարտ ելույթն է ունեցել, որ Հայաստանն այսքան տարածք է գրավել, այսքան փախստականներ ունի, ՌԴ նախագահ Ելցինը շրջվել է դեպի իրեն և ասել՝ ի՞նչ կասեք, ՀՀ այն ժամանակվա նախագահը հայտարարել է, որ հենց հիմա պատրաստ է այդ պլանը ստորագրել: Հեյդար Ալիևը ձայն չի հանել ու դրանից հետո 2 տարի հայկական կողմի վրա ճնշում չի եղել: Հարցին՝ նշվում է, որ ապագա բանակցություններում է որոշվելու քվեարկության օրն ու ժամկետը, «ապագա բանակցություններ» ձևակերպումը Լևոն Տեր-Պետրոսյանին չի՞ մտահոգում, վերջինս պատասխանել է. «Իհարկե, մտահոգում է, առաջինը ես եմ ահազանգել, որ ճիշտ կլիներ, որպեսզի հենց այս առաջին փուլում ֆիքսվեին հանրաքվեի բոլոր պայմանները: Ժամանակը, հանրաքվեի դրվող հարցը, հանրաքվեի արդյունքների իրավազորությունը, 6-7 կետ եմ բերել ես: Առաջինը ես 2008թ.-ին եմ սա նշել։ Բայցև, կարծում եմ, որ սա չարյաց փոքրագույնն է, որ այսօր ունենք, որովհետև եթե դա էլ չընդունենք` հաջորդ լուծումն ավելի վատ է լինելու»: Պատասխանելով հարցին, թե ո՞ր փուլից պետք է Արցախը բանակցությունների մասնակից դառնա, Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է. «Չկա էդպիսի հարց հիմա դրված: Ես էլի հիմա խոսում եմ կոնկրետ պլանի մասին: Էդ պլանում էդպիսի հարց չկա: Ուղղակի բանավոր խոստումներ են տվել համանախագահները մի քանի անգամ, որ կգա մի էտապ, երբ Ղարաբաղն անպայման մասնակից կդառնա այդ կարգավորման գործընթացին: Ես գիտեմ այդ պահը որն է, բայց հիմա չեմ ասի: Անպայման գալու է , բայց ես հիմա չեմ ասի: Ես գիտեմ նաև այն հարցերը, որոնք էս պահին մնացել են որպես վերջին տարաձայնություններ Ադրբեջանի և Հայաստանի միջև: Շատ չեն: Հսկայական տարաձայնություններ արդեն հարթվել են, մնացել է երկու-երեք հատ։ Որպես կոռեկտ մարդ և լավ իմանալով, որ խորհրդապահական պրոցես է, դրանք չեմ հրապարակի»: Պատասխանելով հարցին, թե Արցախ կատարած իր վերջին այցի ժամանակ ի՞նչ տպավորություն է ստացել, Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է. «Գիտեք, ես այն մարդը չեմ, որ գնամ երկու հոգու հետ խոսեմ և ասեմ, թե արցախցիներն ինչ են ուզում: Որպեսզի ես ընդհանրապես իմանայի, թե արցախցիներն ինչ են ուզում` ամիսներով պետք է մնայի Արցախում: Մի բան կա. և՛ Հայաստանի, և՛ Արցախի ժողովուրդը էս 20 տարվա ընթացքում ենթարկվել է ուղեղային մշակման: Անընդհատ խոսել են հաղթանակի, տարածքները չվերադարձնելու, ծովից ծով Հայաստան ստեղծելու, հաղթական բանակի, 1994թ.-ի հաղթանակների մասին, բթացրել են ժողովրդի զգոնությունը: Եկեք ավելի մոտենանք կոնկրետ Ղարաբաղի հարցին, կոնկրետ տարածքների խնդրին, որովհետև ամենացավոտ հարցը սա է: Ժողովրդի կարծիք ձևավորող այդ փորձագետները, քաղաքագետները սիրում են պիտակ կպցնել. ով խոսեց տարածքների վերադարձի մասին` նա դավաճան է, պարտվողական է, թուրք է, չգիտեմ ինչ է: Լավ, ես էի թուրք, դավաճան, պարտվողական, ինձնից հետո Ռոբերտ Քոչարյանն էր, Վարդան Օսկանյանն էր, նրանք էլ էին նույն ծրագրերն իրականացնում: Եթե կուզեք` նույնիսկ ավելի վատ ծրագրեր: Բոլոր ծրագրերում տարածքների վերադարձի պայմանը կար և նրանք ընդունել էին այդ պայմանը: Նրանցից ժառանգություն ստացավ Սերժ Սարգսյանն ու էլի նույն ծրագիրն էր իրականացնում: Էդ ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանի բոլոր իշխանությունները, բոլոր նախագահությունները դավաճան են, պարտվողական են: Որովհետև միայն իշխանությունն է, որ գիտակցում է, որ ինքը ժողովուրդների միջազգային ընտանիքի անդամ է և պարտավոր է ենթարկվել այդ ընտանիքի սահմանած պայմաններին: Երբ մենք ընդունվել ենք ՄԱԿ ու ԵԱՀԿ` ընդունել ենք սահմանների անփոփոխելիության սկզբունքը, տարածքային ամբողջականության սկզբունքը, ուժի կիրառմամբ սահմանների փոփոխությունների անթույլատրելիությունը… Սա մենք էլ ենք ընդունել, Ադրբեջանն էլ է ընդունել: Աշխարհը չի ճանաչում ոչ մի պատրվակ` խախտելու այս սկզբունքները: Մենք կարող ենք Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքները կոչել պատմական տարածքներ, ազատագրված տարածքներ, սրբազան տարածքներ և այլն, բայց էսպիսի կատեգորիաներ միջազգային իրավունքում չկան ու չեն լինի: Սրանք պատրանքներ են: Եվ մեր իշխանությունները ոչ իմ ժամանակ՝ ո՛չ Քոչարյանի ժամանակ, ո՛չ Սարգսյանի ժամանակ չեն օգտագործել այս տերմինները միջազգային ատյաններում: Եթե օգտագործեին` մեզ բացարձակապես «իզգոյ» երկիր կհայտարարեին»: Պատասխանելով հարցին, թե իր իշխանության տարիներին ազատագրվեցի՞ն տարածքները, Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է. «Մենք կարող ենք կոչել ազատագրվեցին, միջազգային հանրությունը դա կոչում է օկուպացիա»: Ճգրտող հարցին՝ հիմա Դուք օկուպացրե՞լ եք, առաջին նախագահը պատասխանել է. «Միջազգային հանրության համար`այո»: Հաղորդման հեղինակի հարցին՝ կարո՞ղ է Տեր-Պետրոսյանը ձևակերպել՝ հիմա մենք տարածք ենք վերադարձնում ինչի՞ դիմաց», վերջինս պատասխանել է. «Մենք հանձնում ենք միջազգային հանրությանը, Ադրբեջանն ինչքան ուզում է պահանջի` դա մեզ համար ոչ մի նշանակություն չունի: Մենք պարտավոր ենք ենթարկվել ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի պահանջին: Վերջ»: «Ինչի՞ դիմաց, պարոն նախագահ»,- հարցին Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է. «Բացատրեմ. ես ասացի, որ, ըստ էության, լուծումը բավականին բալանսավորված է: Եվ բոլոր տարբերակները՝ փաթեթային էր, հետո փուլային էր, հետո ընդհանուր պետություն էր, հետո մադրիդյան էր, դրանք նույն պլանն են` որոշ նրբերանգներով: Բոլորի հիմքում ընկած են քիչ առաջ թվարկածս սկզբունքները: Մենք Ադրբեջանի հետ խնդիր չունենք, մենք երկու վիճաբանող կողմեր ենք, որոնք ներկայացել են միջազգային ատյաններ մեր խնդրի համար լուծում գտնելու: Հիմա ինչ լուծում տվեց այդ ատյանը` և՛ Հայաստանը և՛ Ադրբեջանը պարտավոր են ենթարկվել: Դուք ասում եք՝ ինչի դիմաց ենք տարածք զիջում: Շատ լավ հարց էր: Առաջին. միջազգային իրավունքը չի ընդունում, բայց, հաշվի առնելով այլ հանգամանքներ, ինչպես, օրինակ, Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ազատ ու ֆիզիկապես անվտանգ ապրելու իրավունքը, սա ընդունված է և ֆիքսված այս փաստաթղթերում: Արդեն մի մեծ զիջում է սա, որովհետև Ադրբեջանը չէր ուզում ընդհանրապես Ղարաբաղի գոյությունը: Ադրբեջանն առաջինն էր, որ ընդհանրապես վերացրեց Ղարաբաղի ինքնավար մարզի կարգավիճակը: Նա ջնջեց դա սահմանադրությունից: Այսինքն՝ ուզում էր ոչնչացնել, դա չստացվեց, միջազգային հանրությունը չընդունեց: Հասավ այն աստիճանի, որ որոշվեց, որ հարցը կլուծվի ժողովրդական հանրաքվեի միջոցով: Սա մեծագույն հաղթանակ է, մեծագույն նվաճում: Սրա մասին միայն երազել կարելի էր: 1988թ.-ին, երբ Ղարաբաղը սկսեց շարժում Ադրբեջանից անջատվելու և Հայաստանին միանալու, գիտե՞ք նրանք ինչի մասին էին երազում: Դրանից մի քանի ամիս առաջ Ղրիմի թաթարներն էին հարց բարձրացրել, Միջին Ասիայում էին բնակվում, նրանք թույլ չէին տալիս վերադառնալ Ղրիմ: Որոշ քաշքշուկներից հետո Մոսկվան որոշեց ստեղծել հանձնաժողով՝ այդ հարցը քննարկելու համար: Ղարաբաղի ուզածն ընդամենը սա էր: Իրենք երազում էին, որ մի հատ էլ հանձնաժողով իրենց հարցով ստեղծվի»: Լևոն Տեր-Պետրոսյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանն այս ընթացքում գնացել է մի շարք զիջումների՝ հսկայական զիջումների: «Հասել ենք այն բանին, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն ընդունել են Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, սրանից ավելի մեծ բան էիք սպասո՞ւմ: Միջազգային հանրությունը չի ընդունում տարածքների վերահսկողությունը Ղարաբաղի կողմից պահանջում է անհապաղ վերադարձնել դրանք, բայց Լաչինի միջանցքի հարցում բացառություն է արված՝ հասկանալով, որ Ղարաբաղի անվտանգությունն անհնար է ապահովել, և ոչ միայն Ղարաբաղի անվտանգությունն, այլև նորմալ տնտեսական գործունեությունն առանց Հայաստանի հետ անմիջական, ցամաքային կապի, սա էլ է ընդունված»: Ըստ Տեր-Պետրոսյանի՝ Ադրբեջանն ընդունում է, փաստորեն, որ այս համաձայնագիրը ստորագրող երկրները, որոնք լինելու են Մինսկի համանախագահ երկրները և հակամարտող կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը, դառնալու են այս համաձայնագրերի իրականացման երաշխավորը: «Մենք մեզ միակողմանի հայտարարել ենք Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավորը, այս համաձայնագրով այս փաստը լեգիտիմացվում է: Դրանից հետո, եթե որևէ խախտում լինի Ղարաբաղի տարածքի և Լաչինի միջանցքի նկատմամբ, Հայաստանն արդեն օրինական կերպով կարող է միջամտել և թույլ չտալ ոտնձգություններ Ղարաբաղի նկատմամբ։ Ասում եք՝ ինչ է ստանում Ղարաբաղը կամ հայկական կողմը։ Եթե դուք 88թ. պատկերացումով մոտենաք՝ սա հրաշք է, եթե տեղի ունենա»: Պատասխանելով հարցին, թե շարունակո՞ւմ է հակված մնալ այն տեսակետին, որ Ալիևը ռացիոնալ մտածող պետական գործիչ է (այդ հայտարարությունը սվիներով ընդունվեց), նա ասել է. «Հետո ինչ, որովհետև չհասկացան՝ ինչ է նշանակում ռացիոնալ մտածողություն»: Ի պատասխան հարցին՝ սեփական կնոջը երկրի փոխնախագահ նշանակելն այս տրամաբանության մե՞ջ է, Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է. «Ռացիոնալը լրիվ ուրիշ բան է: Ռացիոնալ մտածողը կարող է նաև արկածխնդրական բաներ անել, կարող է բռնապետ լինել, քանի անգամ բացատրեմ: Եվ դրական ընկալվեց, որովհետև մարդիկ չեն հասկանում ռացիոնալ մտածողություն: Ռացիոնալ մտածողությունն արժանիք չէ: Երբ մեկի մասին ասում ես ռացիոնալ, դա դեռ գովասանք չէ: Ռացիոնալ պիտի լինի նորմալ մարդը: Մարդը բանական կենդանի է, ռացիոնալ լինելը կախված չէ ո՛չ նրա կրթությունից, բարոյական կերպարից, ո՛չ նրա արժեհամակարգից, ոչ նրա գիտելիքների քանակից: Սովորական գյուղացին կարող է շատ ավելի ռացիոնալ մտածող լինել, քան համալսարանականը: Ալիևը շատ ռացիոնալ է, քանի որ ինչ հնարավոր է կարողանում է պոկել բանակցություններում»: «Իրականում դատող մարդիկ չեն ասում ոչ մի թիզ հող, ասում են տանք, զիջենք հողերը, բայց Արցախի վերջնական կարգավիճակի դիմաց, Արցախի անկախության դիմաց, միակ ձևակերպումը սա է պարոն նախագահ», - հարցին Լևոն Տեր Պետրոսյանը պատասխանել է. «Շատ լավ, փայլուն ձևակերպում, հրաշալի ձևակերպում է, բայց ես արդեն Ձեզ քանի անգամ բացատրեմ, դա իմ, քո, մյուսի, մյուսի ցանկությունը չէ: Մենք ընտրել ենք իշխանություն և իշխանության պարտքն է, պատասխանատվությունը լուծել այդ հարցը։ Ոչ մեկն իրավունք չունի այսպիսի բաներ առաջարկել կամ այսպիսի բաներ դնել: Դրեցիր, ի՞նչ օգուտ, երբ որ լուծողն իշխանությունն է և նա գնալու բանակցի, իշխանությունը գիտի այդ բոլոր տրամադրությունները։ Էն, ինչն ինձ եք հասցեագրում, իրենց էլ է հասցեագրվում, իրենք են ստորագրելու վերջապես»: Պատրաստեց Անուշ Դաշտենցը tert.am
