Կարեն Կարապետյանը Արծվիկ Մինասյանին չի հավատում
Կառավարության նիստում այսօր, երբ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացնում էր ներդրումային ծրագրի շրջանակներում «Շանթ» ՍՊԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին հարցը, վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք դիտողություններ արեց: Վարչապետը ՀՅԴ-ական նախարարից հետաքրքվեց, թե որքան ժամանակ են ծախսել ընկերությունները մինչեւ տվյալ արտոնությունը ստանալը: Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ մոտ մեկ շաբաթ: Իսկ «Նանման»-ը՞՝ հարցրեց Կարեն Կարապետյանը, որին էլ ի պատասխան Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ գրեթե մեկ շաբաթ էլ «Նանման» ընկերությունն է դիմել նախարարություն, որպեսզի արտոնություն ստանա: «Չեմ հավատում»,- արձագանքեց Կարեն Կարապետյանն՝ ավելացնելով. «Բիզնեսին աջակցող նախախարություն եք, ու դուք տնտեսվարողի ձեռքը բռնած պետք է բոլոր գերատեսչություններով գնաք: Այդ ընկերությունը յոթ ամիս է՝ ձեզ հետ նամակագրություն է արել: Մենք պետք է ամեն ինչ կանոնակարգենք, բյուրոկրատիան վերացնենք. պետք է լինի ձեւակերպված խաղի կանոնները, մնացած դեպքերը կվերանայենք: Պետք է վերանայել, թե ինչքան հետաձգված փող է վերադարձվել , ինչքան աշխատատեղ է ստեղծվել»:
