Համաձայնությունը չեղարկվեց տեխնիկական պատճառների հետևանքով
Գործող իշխանությունները զիջեցին ընդդիմության պահանջին՝ հրապարակելու ընտրություններին մասնակցած անձանց ընտրացուցակները, ինչն ավելի թափանցիկ կդարձնի ընտրական գործընթացը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ նշելով, որ ընդդիմության ու իշխանության միջև կայացել է համաձայնություն այս հարցում, նախաստորագրվել է համաձայնության փաստաթուղթը: Լևոն Զուրաբյանը հիշեցրեց, որ Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանության ու ընդդիմության միջև ձեռք բերված համաձայնությունը չեղարկվեց տեխնիկական պատճառների հետևանքով, ինչից հետո իրենք պահանջեցին համարժեք փոփոխություն: «Մենք պահանջեցինք բացատրություններ, որոնք թեև տրվեցին, մենք ամբողջ պատասխանատվությունը դրեցինք իշխանությունների վրա և ասացինք, որ նման իրավիճակում լուծումը կարող է լինել ստորագրված ցուցակների հրապարակումը: 2003թ.-ից մեր ողջ հանրությունը, ընդդիմադիր ուժերը, քաղաքացիական հասարակությունը պահանջում են ստորագրված ցուցակների հրապարակում: Իշխանությունները կատաղի կերպով միշտ ընդդիմացել են հրապարակմանը, որովհետև կես միլիոնի ընտրակեղծիքները կապված էին հենց դրա հետ»,- նշեց Լևոն Զուրաբյանը:
