Հայ-վրացական տնտեսական հարաբերությունները համահունչ չեն մեր երկրների քաղաքական հարաբերություններին
Այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում Վրաստանի ԱԳ նախկին նախարար Մայա Փանջիկիձեն, անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին ու դրա հեռանկարներին, ասաց, որ հայ-վրացական տնտեսական հարաբերությունները համահունչ չեն մեր երկրների քաղաքական հարաբերություններին: Հարցին, թե արդյոք Վրաստանի համար առավել բարձր նշանակություն ունեն հարաբերություններն Ադրբեջանի, քան Հայաստանի հետ, պատասխանեց. «Հայաստանն ու Ադրբեջանը Վրաստանի հարևան երկրներն են: Մշտապես լավ հարաբերություններ ենք ունեցել Հայաստանի հետ քաղաքական հարթությունում։ Բայց տնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ, ցավոք սրտի, այնքան էլ զարգացած չեն, որքան քաղաքական հարաբերությունները։ Այնպես որ, ես համաձայն եմ այն կարծիքին, որ մենք այնքան էլ ինտենսիվ տնտեսական հարաբերություններ չունենք, և դրանք պետք է զարգացնել: Սակայն նշեմ նաև, որ մենք ունեցել ենք ինտենսիվ քաղաքական հարաբերություններ, ձեր նախագահը եղավ Վրաստանում, մեր նախագահը եղավ Հայաստանում, նախարարները, ԱԺ խոսնակները հաճախ այցերով լինում են մեր երկրներում, մենք ունենք լավ քաղաքական հարաբերություններ, բայց տնտեսական հարաբերությունները համահունչ չեն»։ Այնուհետև նշեց նաև, որ տնտեսական պլանում ունեն լավ հեռանկարներ և դրանք պետք է ակտիվացնել։ «Այստեղ ես մեծ ներուժ եմ տեսնում։ Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, ցանկանում ենք Իրանի հետ լավ հարաբերություններ, մեզ կապում են տնտեսական հարաբերությունները, մենք ջանում ենք, որպեսզի Ռուսաստանի հետ ոչ միայն՝ տնտեսական ու հումանիտար ոլորտում հարաբերություններ ունենանք, այլև՝ քաղաքական։ Ցավոք սրտի, դա դեռևս հնարավոր չէ, քանի որ Ռուսաստանն օկուպացրել է մեր տարածքների 20%-ը։ Հույս ունեմ, որ ապագայում դա կփոխվի»,- ասաց Վրաստանի ԱԳ նախկին նախարարը։
