Պուտինը, Լուկաշենկոն և Նազարբաևը կժամանեն Երևան
Հոկտեմբերի 14-ին Երևանում կկայանա ՀԱՊԿ երկրների խորհրդի նիստը: Նիստին մասնակցելու նպատակով Երևան կժամանեն ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է novostink.ru-ն: Նիստը առանձնահատուկ է նրանով, որ առաջին անգամ ՀԱՊԿ քարտուղար կդառնա Հայաստանի ներկայացուցիչը: Նիկոլայ Բորդյուժան ավարտում է իր առաքելությունն այդ պաշտոնում: Կայքը գրում է, որ Ադրբեջանն անհանգստացած է այդ փաստի առնչությամբ: Ավելի վաղ կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտնել էր, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին Երևանում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, և նոր գլխավոր քարտուղար է դառնալու Հայաստանի ներկայացուցիչը: «Իմ իրավահաջորդը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կդառնա Հայաստանի ներկայացուցիչը, իսկ թե կոնկրետ ով՝ հիմա չեմ կարող ասել: Նրա անունը կհայտարարվի հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, որն անցկացվելու է նախագահների մակարդակով»,- հայտարարել է Բորդյուժան:
