Մենք գնահատում ենք ԼՂ հարցում ՆԱՏՕ-ի զուսպ դիրքորոշումը. Արտակ Զաքարյան
Հայաստանի համար կարևոր են ՆԱՏՕ-ի վերաբերյալ քննարկումները. «Առաջիկա մարտահրավերները. ՆԱՏՕ-ն Ուելսից մինչև Վարշավա և անդին» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեսպան Մաթիաս Քիսլերը: Վերլուծելով Վարշավայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի խորհրդաժողովը՝ նա նշեց, որ հիմա ՆԱՏՕ-ի հետ մարտահրավերներից մեկը Ռուսաստանի հետ հարաբերությունների սրվածությունն է: Ըստ նրա՝ մյուս մարտահրավերը գալիս է Մերձավոր Արևելքից՝ Սիրիայից, Լիբանանից և այլն: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էլ, քննարկման ժամանակ խոսելով Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության մասին՝ նշեց, որ «Մենք գնահատում ենք ԼՂ հարցում ՆԱՏՕ-ի զուսպ դիրքորոշումը»: «Մեզ համար ընդունելի չեն Ադրբեջանի կողմից ՆԱՏՕ-ի հռչակագրերն արհեստական կերպով խնդրի քննարկման հարթակ դարձնելու փորձերը կամ ՆԱՏՕ-ին այս հակամարտության կարգավորման հարցի մեջ ներքաշելը: Դրա համար կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը»,– ասաց նա:
