Լավրովի հետ հանդիպումը շատ արդյունավետ էր. Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահող Ջեյմս Ուորլիքը հարցազրույց է տվել «Interfax»-ին` անդրադառնալով սեպտեմբերին Մոսկվայում իր ռուս և ֆրանսիացի գործընկերների, ինչպես նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը: «Հանդիպման ընթացքում, որը տևել է մոտ մեկ ժամ, մենք քննարկել ենք ԼՂ-ում խաղաղ կարգավորումը և հետագա քայլերը: Դա շատ արդյունավետ հանդիպում էր: Մենք գնահատում ենք այն, թե որքան ժամանակ է Լավրովը տրամադրել այդ հարցի քննարկմանը»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Լավրովի և համանախագահների հանդիպումը տեղի է ունեցել օրերս Մոսկվայում: Ամերիկացի համանախագահողը շեշտել է, որ ղարաբաղյան հակամարտությունն այն ոլորտն է, որտեղ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան գործում են լիակատար փոխըմբռնման պայմաններում` դա հակամարտության խաղաղ կագավորման մոտեցումն է: Ուորլիքը նաև նշել է, թե որ պայմանավորվածությունների մասին է խոսքը. «Օրինակ՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնումը Ղարաբաղում: Մենք կցանկանայինք տեսնել այդ պայմանավորվածության ի կատար ածումը: Բացի այդ ԱՄՆ-ը Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ կհետևի Վիեննայում և մայրաքաղաքներում դիտորդական առաքելության ընդլայնման գործընթացին»:
