Որպես բանակի հրամանատար՝ պարտավոր եմ պաշտպանել տարածքները, ոչ թե հանձնել. Լ. Մնացականյան
Արդեն իսկ բազմից նշել եմ կատարված և կատարվող փոփոխությունների մասին, այդ թվում նաև վերաբերող ռազմական տեխնիկային ու սպառազինությանը: Իսկ թե կոնկրետ ինչ է արվել և արվում, չբացահայտենք. այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը՝ Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ապրիլյան պատերազմից հետո նոր՝ խոցման, հարձակողական զենքեր, ԼՂ ՊԲ-ին մատակարարվե՞լ են։ Անդրադառնալով հետաքննական մեխանիզմի ներդրման ուղղությամբ աշխատանքներին, (աշխատանքների բյուջեն պետք է հաստատեր ԵԱՀԿ-ն) և հարցին, թե դրանք երբ ավարտին կհասցվեն, Արցախի պաշտպանության նախարարը արձանագրեց. «Այդ հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Միայն կարող եմ ավելացնել, որ հայկական կողմը վաղուց է իր համաձայնությունը տվել հետաքննական մեխանիզմի ներդրմանը»: Նախարարը տարածքների վերադարձի հետ կապված ևս մեկ անգամ կրկնեց, որ որպես բանակի հրամանատար պարտավոր է պաշտպանել ազատագրված տարածքները, այլ ոչ թե հանձնել:
