Հայաստանը` հայրենի՞ք, թե՞ պատուհաս
Իր ելույթը Նիկոլ Փաշինյանը սկսեց իր ավանդական`«Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ» դիմելաձևով: Նա նշեց, թե ԱԺ գարնանային նստաշրջանն ավարտվեց ընդդիմության բնույթի ու էության մասին բուռն քննարկումներով, որին հետևեց քաղաքական թեժ ամառը, երբ «Սասնա ծռեր» խումբն իր հուսահատ գործողություններով հաստատեց Հայաստանում վստահության ճգնաժամի էությունը: «Մենք շարունակում ենք վերապրել Խորենացի փողոցի ամառային օրերը, բայց հիմա աշուն է և ունենք այն, ինչ ունենք: Սերժ Սարգսյանը ոչ միայն շարունակում է մնալ Բաղրամյան 26-ում, այլև նրա եղբայր Լևոնը Գյումրիի ավագանու որոշմամբ հռչակվել է հանրապետության 2-րդ քաղաքի պատվավոր քաղաքացի»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ ՀՀ-ում այս իշխանության ու Սերժ Սարգսյանի շնորհիվ է, որ ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ դե ֆակտո և դե յուրե դադարել են ՀՀ քաղաքացի լինել ու մտածել` ինչ է իրենց համար Հայաստանը` հայրենի՞ք, թե՞ պատուհաս: Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը որոշեց պատասխանել սոցիալական ցանցերում ու հանրության շրջանում ժամանակ առ ժամանակ շրջանառվող հարցին, թե պաշտոնյաներից ով է ամենաշատը մեղավոր այս ամենի համար: «Մեր պատասխանը միանշանակ է, Հայաստանի այսօրվա վիճակի թիվ 1 պատասխանատուն Սերժ Սարգսյանն է վերջին 23 տարվա մեջ լինելով էլիտար պոլիտբյուրոյի անդամ»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:
