Վարկով զենք ենք ձեռք բերել. Սեյրան Օհանյան
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը վստահեցնում է՝ ՀՀ զինված ուժերի սպառազինության եւ ռազմատեխնիկայի արդիականացմանը նոր թափ է հաղորդվել: «ՀՀ զինված ուժերի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերումները, արդիականացումը գտնվում են ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության ներքո: Անկասկած, ապրիլյան պատերազմից հետո մենք համապատասխան հետեւություններ ենք արել: Ինչ վերաբերում է ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությանը, ապա պլանային բոլոր միջոցառումներն իրականացվում են, եւ մեզ տրված միջազգային վարկի շրջանակում այդ ուղղությամբ հետեւողական աշխատանք ենք տանում»,- ասաց Սեյրան Օհանյանը: Նա նշեց, որ վարկի շրջանակում սպառազինություն է ձեռք բերվել, սակայն ծավալների մասին խոսել չցանկացավ: Անդրադառնալով վերջին շրջանում սահմանին տիրող իրավիճակին` Սեյրան Օհանյանը նշեց, որ ձեռք բերված պայմանավորվածությունն իրականացվում է:
