Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է
Երեկ դեպի Բագրատաշեն տանող ճանապարհահատվածում ակցիայի ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից բերման է ենթարկվել 13 անձ, որոնցից 5-ին ներկայացրել են Քննչական կոմիտե, մնացածին՝ ազատ արձակել։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց ՆԳՆ-ից։
Հիշեցնենք, որ քանի օր է՝ Տավուշում լարված իրավիճակ է։ Տավուշցիները պայքարում են՝ ընդդեմ Տավուշի գյուղերը Ադրբեջանին հանձնելու իշխանությունների գործողությունների։ Տավուշցիները փակ են պահում Կիրանցի ճանապարհը։ Երեկ խաղաղ ակցիաներ են իրականացվել նաև Նոյեմբերյանում։ Ավելի ուշ տավուշցիները երեկ փակել են դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը, ինչի ընթացքում ոստիկանությունը ուժի կիրառմամբ բերման է ենթարկել խաղաղ ակցիայի մասնակիցներին։ Բերման ենթարկված քաղաքացիներից մեկը՝ գնդապետ Միհրան Մախսուդյանը, այժմ գտնվում է բժշկական կենտրոնում, քանի որ ինչպես հայտնում են ականատեսները, ոստիկանական ուժի կիրառման հետևանքով Մախսուդյանը վնասվածքներ է ստացել։ Մեզ հայտնեցին, որ նրա վիճակը միջին ծանրության է։ Նա ստացել է վնասվածքներ ձեռքի հատվածում, ինչպես նաև՝ գլխուղեղի ցնցում։
Այս առնչությամբ «Փաստինֆո»-ն դեռևս պարզաբանում չի ստացել ՔԿ-ից՝ պարզելու, թե արդյո՞ք քրեական վարույթ նախաձեռնվել է՝ ոստիկանական բռնությունների դեպքով, թե՝ ոչ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Աղբյուր` Փաստինֆո