Ալիևի «ինտեգրացիան»` դատարկված Արցախում. Պատասխան ունի՞ աշխարհը

Ամբողջ աշխարհի աչքի առաջ արձանագրվում է հայ ժողովրդի բռնի տեղահանումն Արցախից: Աշխարհի առաջատար լրատվամիջոցները իրենց հրապարակած տեսանյութերում, լուսանկարներում ի ցույց են դնում էթնիկ զտման փաստը:

Բաքվի «ինտեգրման գործընթացը»

Իսկ Բաքուն շարունակում է կեղծիքի տարածումը...

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 27-ին հայտարարել է, թե Ադրբեջանը ոչ մի կապ չունի «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի տեղի հայերի՝ Հայաստան կամ որևէ այլ երկիր տեղափոխվելու որոշման հետ»։

Ըստ APA լրատվական գործակալության, այդ հայտարարությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի ԱԳՆ-ի սեպտեմբերի 27-ի հայտարարությանը։ «Մենք պատրաստ ենք պայմաններ ստեղծել, որպեսզի Ղարաբաղի հայերն ունենան ավելի լավ կյանք, քան այն պայմանները, որոնցում նրանք ապրել են որպես Հայաստանի կողմից ստեղծված ռազմական խունտայի պատանդներ»,- ասվում է հայտարարության մեջ։
Այդ փաստաթղթում ընդգծվում է, թե Ադրբեջանը վճռական է «վերաինտեգրել հայկական ծագումով Ղարաբաղի բնակիչներին որպես իրավահավասար քաղաքացիների՝ սահմանադրությանը և ազգային օրենսդրությանը, Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան»: «Մենք ըմբռնում ենք, թե որքան ցավալի է Հայաստանի համար տեսնել, թե ինչպես է փլուզվում Ադրբեջանի տարածքներում ստեղծված անջատողական ռեժիմը, բայց հիմա ավելի լավ կլինի, որ նրանք {հայերը} կենտրոնանան Ադրբեջանի հետ խաղաղություն և վստահություն հաստատելու վրա»,- ասվում է հայտարարությունում:

Այդ փաստաթղթում նշվում է, որ համաձայնության հիմքում պետք է դրվի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումը՝ «թե՛ խոսքով և թե՛ գործով»:
Այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է նոր հայտարարություն, որով արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին մեկնաբանությանը: «Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապրող հայ բնակիչներին «էթնիկ զտումների» ենթարկելու մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2023 թվականի սեպտեմբերի 28-ի հայտարարությունը»,- նշել է Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը:

Հայ բնակիչների ներկայիս հեռանալն Ադրբեջանի տարածքից նրանց կամավոր և անհատական որոշումն է, BBC Newshour ծրագրին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը։ «Սա {հայերի հեռանալը} կապ չունի բռնի տեղահանման կամ նրանց վտարելու Ադրբեջանի ցանկության հետ: Նրանք ունեն ընտրություն: Կարևոր է ընդգծել, որ մենք նրանց խրախուսել ենք մնալ և լինել բազմազգ Ադրբեջանի մաս», - ասել է Ամիրբեկովը:

Նա գովեստով պնդել է, թե Ադրբեջանի իշխանությունները վերջին մի քանի օրվա ընթացքում տարատեսակ մարդասիրական օգնություն, առաջին անհրաժեշտության ապրանքներ և դեղորայք են ուղարկել Լեռնային Ղարաբաղ և վերականգնել են շուրջօրյա էլեկտրամատակարարումը: «Ադրբեջանից հեռացած հայերը կկարողանան վերադառնալ», - ասել է Ամիրբեկովը։

Ապա նա քննադատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով ասել է, որ Ադրբեջանը Ղարաբաղի հայերին էթնիկ զտումների է ենթարկում: «Փաշինյանը ոչ միայն հրաժարվում է սեպտեմբերի 21-ի իր իսկ հայտարարությունից, երբ ասել է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից տեղի հայերի համար որևէ սպառնալիք չկա: Նրա այս նոր պնդման նպատակն է խափանել Ադրբեջանի ջանքերը՝ հումանիտար օգնություն հասցնելու և տեղի հայերին վերաինտեգրելու ուղղությամբ», - ասել է Ամիրբեկովը:

Երեկ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերին կոչ արեց չհեռանալ երկրից և վերաինտեգրվել: Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում ասվում էր. «Եթե Ղարաբաղի հայ բնակչության մի մասը չի ցանկանում ապրել և ենթարկվել Ադրբեջանի օրենքներին, մենք չենք կարող նրանց դա պարտադրել: Ընդհակառակը՝ մենք կոչ ենք անում հայ բնակչությանը չլքել իրենց բնակության վայրը և դառնալ Ադրբեջանի բազմազգ հասարակության մի մասը», - նշվում է հայտարարությունում։ Ըստ այդ փաստաթղթի, տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար Հայաստանը պետք է չխոչընդոտի հայ բնակիչների վերաինտեգրման գործընթացը: «Հայաստանը պետք է կենտրոնանա երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների վրա հիմնված խաղաղության պայմանագրի և բանակցային գործընթացը հաջող ավարտին հասցնելու վրա», - ասվում է հայտարարությունում:

Ապա, տեղեկություն ստացվեց այն մասին, թե Ադրբեջանի իշխանությունները սկսել են Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի գրանցման գործընթացը՝ նրանց իրավական կարգավիճակը որոշելու համար։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմը հայտնել է. «տարածաշրջանի հայ բնակչության կայուն վերաինտեգրումն ապահովելու նպատակով Ղարաբաղում սոցիալական, հումանիտար, տնտեսական և ենթակառուցվածքային խնդիրների լուծման աշխատանքային խմբին հանձնարարվել է որոշել այդ անձանց իրավական կարգավիճակը»: «Այս գործընթացի առաջին փուլով ենթադրվում է գրանցել Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում բնակվող հայ բնակիչներին», - ասվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հրապարակած հաղորդագրությունում:

«Որտե՞ղ են Ֆրանսիան, Ամերիկան և Շառլ Միշելը...»

Արցախի հայաթափումը` միջազգային մամուլի առաջին էջերում է այս օրերին:
«Որտե՞ղ են Ֆրանսիան, Ամերիկան և Շառլ Միշելը», - վերնագրում հարց է տալիս Politico ամերիկյան պարբերականն ու անմիջապես էլ քննադատում․ - «Բրյուսելն իբրև առաջամարտիկ իրեն դրեց տարածաշրջանում խաղաղարար լինելու տապալված արշավի առանցքում, իսկ այժմ չի համարձակվում նեղացնել գազով հարուստ Ադրբեջանին»:
Հայերը ցասման մեջ են, 50 հազար հոգի արդեն դատարկվել է Լեռնային Ղարաբաղից, գրում է Politico-ն նշելով, որ Եվրամիության ձախողված միջնորդությունը մարդասիրական աղետի ֆոնին մարդկանց դժգոհությունն է հարուցում։ Շառլ Միշելի նման մարդիկ հաճախ են խոսում արևմտյան արժեքների մասին՝ ոչինչ չձեռնարկելով դրանք պաշտպանելու համար, գրում է Politico-ն՝ եզրակացնելով, որ Եվրամիությունը դժվար թե պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի դեմ, չցանկանալով փչացնել հարաբերությունները մի պետության հետ, որն անվանել է գազի մատակարարման հարցում իր համար կարևոր երկիր, իսկ դրա ղեկավար Իլհամ Ալիևին՝ հուսալի ու վստահելի գործընկեր։

Ի տարբերություն Politico-ի, որը պատժամիջոցների հնարավորությունը գրեթե բացառում է, բրիտանական Economist-ը իր հոդվածում դեռ կոչ է անում Արևմուտքին պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ՝ որքան հնարավոր է շուտ։ «Դեռ ոչ բոլորն են հեռացել Ղարաբաղից, չնայած շատ ավելին դեռ կգնան։ Բայց մնացողների համար կենսական նշանակություն ունի, որ Ադրբեջանը պատասխանատվության կանչվի իր վերահսկողության տակ հայտնված տարածաշրջանում մարդու իրավունքների յուրաքանչյուր խախտման համար։ Արևմուտքը պետք է օգտագործի իր բոլոր լծակները։ Ադրբեջանական էլիտան սիրում է ժամանակ և փող ծախսել Եվրոպայում և Ամերիկայում, և պատժամիջոցների սպառնալիքը պետք է հնարավորինս արագ իրագործվի։

Ժամանակը չի սպասում։ Առանց այն էլ արդեն իսկ շատ է վատնվել», - ըստ «Ազատության» գրում է Economist-ը՝ նշելով, որ Ղարաբաղին կապիտուլյացիայից բացի այլ տարբերակ չէր մնացել ադրբեջանական ժամանակակից բանակի ճնշումների, Հայաստանից կտրված լինելու, Ռուսաստանի դավաճանության պայմաններում և տասն ամիս շրջափակումից ու սովից հետո։

«Այս մեկօրյա պատերազմի հետևանքները, սակայն, դեռ կտարածվեն Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս», - գրում է պարբերականը՝ շարունակելով․ - «Այս դրվագը խորհրդանշում է Կովկասում ուժերի հարաբերակցության փոփոխությունը։ Հայաստանի ինքնիշխանությունն այժմ ավելի փխրուն է թվում, քան 1991-ին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո: Իրավիճակի պատճառներից մեկը, ըստ Economist-ի, այն է, որ Ռուսաստանն այդպես էլ չներեց ժողովրդական ընդվզման հետևանքով Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու փաստը։ Բայց քաոսի անմիջական պատճառը պարբերականը համարում է Ռուսաստանի թուլացումը։ Ղարաբաղի և Հայաստանի դեմ ադրբեջանական հարձակումների պայմաններում Ռուսաստանի անգործության ֆոնին Հայաստանի՝ դեպի Արևմուտք թեքվելու փորձերը, ըստ Economist-ի, Պուտինին դուր չեն գալիս։

Ըստ պարբերականի՝ այժմ ավելի մեծ վտանգն այն է, որ Ադրբեջանը շարունակելու է Հայաստանի դեմ ճնշումները և Ռուսաստանի ու Թուրքիայի հետ համաձայնությամբ փորձելու է Հայաստանի հարավով միջանցք բացել։ Այն կկապի Թուրքիան և բուն Ադրբեջանը, Հայաստանին կզրկի ինքնիշխանությունից և կմեկուսացնի Իրանի հետ կարևորագույն սահմանից։

«Հուսահատ ժամանակներ», - գրում է Economist-ն ու շարունակում․ - «Կարճաժամկետ հեռանկարում արևմտյան կառավարությունները պետք է օգնեն Հայաստանին փախստականների հարցով, նաև օգնեն արդար և կայուն խաղաղության համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ, իսկ երկարաժամկետ հեռանկարում Արևմուտքը պետք է աջակցի Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու Հայաստանի ջանքերին և կոչ անի Թուրքիային կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ ու բացել վաղուց փակ սահմանը»։ «Դիվանագիտության հմտություններով և եթե բախտը ժպտա, Կովկասում քաոսը դեռ կարող է զսպվել», - եզրափակում է Economist-ը։

Իտալական La Stampa-ն գրում է, որ Իտալիան կարող է ներգրավված լինել Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության դեմ բռնաճնշումներում, քանի որ հնարավոր է՝ Ադրբեջանի բռնապետ ղեկավար Ալիևին զենք է մատակարարել։ Ըստ պարբերականի՝,Դեմոկրատական կուսակցությունը հարցում է ուղարկել կառավարությանը՝ պահանջելով պարզաբանել, թե արդյոք Իտալիան Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսած Ադրբեջանին զինտեխնիկա՝ այդ թվում ուղղաթիռներ է մատակարարել, և հաստատվելու դեպքում չի՞ խախտվել օրենքը, ըստ որի չի կարելի զենք վաճառել հակամարտության մեջ գտնվող երկրին՝ աջակցելով հակամարտության թեժացմանն ու նորանոր զոհերին։

Ադրբեջանին ռազմական տեխնիկա վաճառելու փաստն, ի դեպ, հաստատում է հենց իտալական «Լեոնարդո» ընկերությունը։ Այս տարվա հունիսին ընկերությունը հայտարարել է, որ Բաքու այցելության ժամանակ ռազմական օդանավերի մատակարարման պայմանագիր է կնքվել Ադրբեջանի հետ։

Ալիևը կո՞ղմ է Արցախում ՄԱԿ-ի փորձագետների խմբին ընդունելու

Առաջիկա օրերին ակնկալվում է, որ ՄԱԿ-ի փորձագետների խումբը կայցելի Ղարաբաղ: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ CBC News-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Բաքուն մտադիր է մի քանի օրվա ընթացքում թույլ տալ ՄԱԿ-ի փորձագետների մուտքը Ղարաբաղ՝ հավելելով, որ օտարերկրյա լրատվամիջոցները ևս կարող են այցելության հնարավորություն ունենալ։

Հաջիևի խոսքով, Ադրբեջանը նպատակ չունի ստիպել Ղարաբաղի հայերին լքել տարածաշրջանը և կերաշխավորի նրանց անվտանգությունը, եթե նրանք մնան։

ԱՄՆ-ը տարածաշրջանում թիմ է տեղակայում

Վաշինգտոնն երեկ հայտարարեց Հարավային Կովկասում աղետների արձագանքման թիմ տեղակայելու մասին՝ կոորդինացնելու ԱՄՆ-ի մարդասիրական արձագանքը Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամին: Այդ թիմը, համաձայն ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հայտարարության, գնահատելու է իրավիճակը, որոշելու է կարիքների առաջնահերթությունները և աշխատելու է գործընկերների հետ՝ հրատապ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում խոցելի բնակչության անվտանգությամբ, ասված է հայտարարությունում։

Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը նախօրեին կայացած ճեպազրույցում Ղարաբաղի իրավիճակի մասին ներկայացրել է ԱՄՆ-ի մոտեցումները, որոնց մասին Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցում ասել է պետքարտուղար Բլինքենը, նույն շեշտադրումները Բաքվում արել են նաև պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմն ու ԱՄՆ-ի Զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը։ Օրերս Իլհամ Ալիևն էլ էր ընդունել Բաքու ժամանած ԱՄՆ պաշտոնյաներին:

Փաուերն այցելեց Սյունիք, կրկին շեշտեց՝ անհրաժեշտ է անկախ դիտորդներ ունենալ Լեռնային Ղարաբաղում: «Առաջին՝ մենք ցանկանում ենք տեսնել հրադադարի պահպանում։ Երկրորդ՝ հումանիտար կարիքների լուծում․ դա նշանակում է բաց պահել Լաչինի միջանցքը, ապահովել մարդասիրական մատակարարումների մուտքը։ Դա նշանակում է միջազգային մոնիթորինգի առաքելություն՝ ապահովելու մարդասիրական կարիքների բավարարումը», - նշել է Միլլերը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1858 անգամ
Լրահոս
Հաղթանակը մոտ է․ Ձախողված Փաշինյանի հոգեխանգարմունքը․ Հայկ Նահապետյան (video) Միկա Բադալյանի դեմ են դուրս եկել Նիկոլի «լամուկները»․ Վաստակաշատ մանկավարժ (video) Միջպետական սահմանը պետք է ավարտվի այնտեղ, որտեղ ավարտվում է տվյալ ժողովրդի աշխարհաքաղաքական օյկումենան. Վահե Դավթյան Ի՞նչ փոխվեց այս օրերի ընթացքում, որ դեսպանի համար «եկավ Շուշի այցելելու ժամանակը». Բադալյան Նահատակված Արամ Ղուլարյանի հայրը վիրահատությունից հետո միացել է երթին Նիկոլ Փաշինյանի հարցազրույցների ու հայտարարությունների նկատմամբ հանրության հետաքրքրությունը նվազել է. Վարկանիշի անկման եւս մեկ ցուցիչ Տեսնելով Սևանի թերակղզու մոտ երեկ երեկոյան ստեղծված վիճակը, դավաճանը սկսել է հայհոյել իր թիմակիցներին․ Հռիփսիմե Առաքելյան Պուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը Շարժումն անկասելի թափ է ստացել․ Փաշինյանի դաժան մայրամուտը․ Սուրեն Սուրենյանց (video) Զոհված հերոսի մոր կոչը հանրությանը Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Վայ, վայ, վայ, վայ․ շատ դժգոհ եմ, աննկարագրելի․ Տիգրան Ավինյան (video) Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին Ովքեր կգոռան, կճչան, պետք է հեռացվեն. Բագրատ Սրբազանը զգուշացրեց (video) Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին Բոլորս Բագրատ Սարբազանի կողքին ենք․ սրանք պետք է հրաժական տան, որ մարդավարի դատվեն․ մանկավարժ (video) Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրանցի բնակիչների մի մասը միացել է Բագրատ Սրբազանի երթին, մյուս մասը մնացել է, որ գյուղն անտեր չմնա. Կիրանցի բնակչուհի Ջոնի Մելիքյանը մանրամասներ է ներկայացրել Բոննում ադրբեջանցի փորձագետների հետ հանդիպումից Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին Հայ-թուրք-ադրբեջանական առևտուր․ կան պայմանավորվածություններ Էրդողանի երդմնակալությանը մասնակցեց, իսկ Պուտինի երդմնակալությանը չի գնում. Նարեկ Մանթաշյան Գլխավոր դավաճանին ավանակի վրա պետք է թարս նստացնենք. տավուշեցի (video) Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբանական խումբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am