Պուտինի մանևրն ԱՄՆ-ին՝ Խերսոնից դուրս գալուց հետո

Մոսկվան պատրաստ է Կիևի հետ բանակցություններին 

Այն բանից հետո, երբ Մոսկվան հայտարարեց Խերսոնից զորքերի դուրսբերման մասին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն արձանագրեց, որ Խերսոնից ռուսական զորքերի մասնակի դուրսբերումը վկայում է Ուկրաինային Հյուսիսատլանտյան դաշինքի աջակցության հաջողության մասին: «Սա ցույց է տալիս Ուկրաինայի զինված ուժերի քաջությունն ու վճռականությունը, ինչպես նաև մեր մշտական աջակցության կարևորությունը», - ասել է Ստոլտենբերգը:

Ուկրաինայի իշխանությունները, սակայն, չեն հավատում Խերսոնը թողնելու մասին ռուսական կողմի հայտարարություններին: Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Միխայիլ Պոդոլյակը հորդորում է ուկրաինացիներին ժամանակից շուտ չուրախանալ Խերսոնից ռուսների հեռանալու կապակցությամբ:

«Ուկրաինան նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանն առանց կռվի կլքի Խերսոնը:

Ռուսական զորախմբի զգալի մասը մնում է քաղաքում, լրացուցիչ ռեզերվներ են բերվում տարածաշրջան: Ուկրաինան ազատագրում է տարածքներ՝ հիմնվելով հետախուզական տվյալների, այլ ոչ թե կազմակերպված հեռուստատեսային հայտարարությունների վրա», - գրել է Պոդոլյակը:

Ուկրաինայում տեղակայված ռուսական զորքի հրամանատար գեներալ Սերգեյ Սուրովիկինը Սերգեյ Շոյգուին առաջարկել է ռուսական ստորաբաժանումները Խերսոնի շրջանում Դնեպրի ձախ ափ տեղափոխել, և Շոյգուն ընդունել է առաջարկը: «Շարունակեք զորքերի դուրսբերումը և ձեռնարկեք բոլոր միջոցառումները՝ ապահովելու համար անձնակազմի, զենքի և տեխնիկայի անվտանգ տեղափոխումը Դնեպրի մյուս ափ», - ըստ «Ազատության», ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը:

Սուրովիկինն իր առաջարկը պատճառաբանել է Դնեպրի աջ ափին բանակի մատակարարման դժվարություններով: Սա գործնականում նշանակում է հանձնել Խերսոնը: Եթե Դնեպրի աջ ափից, այդ թվում՝ Խերսոն քաղաքից դուրս գալու մասին Մոսկվայի հայտարարություններն իրական են, կստացվի, որ Ռուսաստանը նահանջել է փետրվարից զավթած տարածքի գրեթե կեսից արդեն:

Մինչ Ռուսաստանի պաշտպանության նախարարը Խերսոնից նահանջելու հրաման էր տալիս, ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը կրկին հայտարարում էր, որ Մոսկվան պատրաստ է Կիևի հետ բանակցություններին: «Մենք դեռ բաց ենք բանակցությունների համար, մենք երբեք չենք հրաժարվել դրանցից: Մենք պատրաստ ենք բանակցություններ վարել՝ իհարկե, հաշվի առնելով այն իրողությունները, որոնք այսօր առկա են», - հայտարարել է Մարիա Զախարովան:

Ուկրաինայի նախագահի ադմինիստրացիայի ներկայացուցիչ Միխայիլ Պոդոլյակը, սակայն, նշել էր, թե ուկրաինացիների կողմից Խերսոնի կամ մեկ այլ կարևոր քաղաքի ազատագրումը Մոսկվայի հետ բանակցություններ սկսելու մեկնարկային կետ չի լինի: Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի առաջարկում իրական խաղաղության բանակցային գործընթաց, այլ մտադիր է օգտագործել զինադադարը նոր հարձակման նախապատրաստվելու համար: «Նախագահ Զելենսկին հստակ նշում է՝ եթե նրանք լքեն Ուկրաինայի տարածքը, դրանից հետո, իհարկե, հնարավոր է բանակցային գործընթաց: Սա է մեր բազային սկզբունքը», - ասել է Պոդոլյակը «Ազատության» "Настоящее Время" ծրագրին տված հարցազրույցում:

ՌԴ-ի ՊՆ-ն «մանևր» է անվանում զորքերի դուրսբերումը Խերսոնից

Անցյալ շաբաթ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը զորքերի դուրսբերումը Դնեպրի ձախ ափ «մանևր» անվանեց։
«Նիկոլաև- Կրիվոյ Ռոգի ուղղությամբ մեր ստորաբաժանումները մանևրում են Դնեպր գետի ձախ ափին պատրաստված դիրքեր՝ խստորեն հետևելով հաստատված պլանին»,նշեց գերատեսչության խոսնակը։

Դնեպրի ձախ ափ տեղափոխվելուն զուգահեռ ռուսական զորքերը սկսել են խրամատներ փորել բռնակցված Ղրիմի հյուսիսային հատվածում։ Լրատվամիջոցները արբանյակային լուսանկարներ են հրապարակում, որոնցում երևում է, որ նոր ամրություններ են հայտնվել, մասնավորապես, Ղրիմի և Խերսոնի շրջանի Ջանկոյ անցակետի և Արմյանսկ քաղաքի մոտ։ Ուկարինայի իշխանությունները նահանջը սկսելու Շոյգույի հրամանագրից հետո հայտարարեցին թե չեն կարծում, որ ռուսները կթողնեն Խերսոն քաղաքն առանց մարտերի։

Պատերազմի ուսումնասիրման Վաշինգտոնի ինստիտուտի փորձագետների կարծիքով, ռուս հրամանատարները որոշ ուժեր կթողնեն Խերսոնում և կփորձեն դանդաղեցնել ուկրաինական հարձակումը, որպեսզի աջակցեն իրենց բանակի կանոնավոր նահանջին։

Անդրադառնալով ռուսների նահանջին՝ նախագահ Վլադիմիր Զելենսկին դա ուկրաինական բանակի հաջողության արդյունք էր համարել. «Ոչ ոք հենց այնպես ոչ մի տեղ չի գնում: Թշնամին բարի կամքի ժեստեր չի անում: Մենք պայքարում ենք այդ ամենի համար: Մենք առաջ ենք գնում շատ զգույշ, առանց էմոցիաների, առանց զգացմունքների, առանց անտեղի ռիսկի: Մեր ամբողջ հողն ազատագրելու և կորուստները նվազագույնի հասցնելու շահերից ելնելով: Ահա թե ինչպես ենք ապահովելու Խերսոնի, Կախովկայի, Դոնեցկի և այլ քաղաքների ազատագրումը»: Միևնույն ժամանակ Զելենսկին հորդորել է Մոսկվային զերծ մնալ Կախովկա հիդրոէլեկտրակայանի ջրամբարը պայթեցնելու փորձերից։ Նման ռիսկի մասին տևական ժամանակ է խոսում են թե' Ուկրաինայում, թե' Արևմուտքում։ Մոսկվան, իր հերթին, Խերսոնի բնակչության հարկադիր տարհանման գործընթացը սկսելիս ասում էր, թե ուկրաինական կողմն է պատրաստվում պայթեցնել հիդրոկայանի ջրամբարը։ «Եվ հիմա ես ուզում եմ ևս մեկ անգամ զգուշացնել բոլորին Մոսկվայում, ովքեր համապատասխան որոշումներ են կայացնում։ Կախովկա ՀԷԿ-ը պայթեցնելու և մեր տարածքը հեղեղելու ու Զապորոժիեի ատոմակայանը ջրազրկելու ձեր ցանկացած փորձ կնշանակի ամբողջ աշխարհին պատերազմ հայտարարել։ Մտածեք, թե ինչ կլինի ձեզ հետ այդ ժամանակ», - ասել է Զելենսկին։

Ուկրաինացիներն ազատագրել են նաև Նիկոլաևի մարզի Սնիգիրյովկա քաղաքը


Ռուսական ուժերի նահանջին անդրադարձել է նաև ԱՄՆ-ի նախագահը. - «Նախ և առաջ կարծում եմ, շատ հետաքրքիր է, որ ռուսները սպասեցին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների ավարտին և նոր միայն [նահանջի] որոշում կայացրեցին։ Մենք, ի դեպ, տեղյակ էինք, որ նրանք պատրաստվում են նման քայլի դիմել։ Այդ քայլը խոսում է Ռուսաստանի, ռուսական բանակի մոտ առկա իրական խնդիրների մասին»։

Ուկրաինական բանակը մտավ Խերսոն, իսկ Կրեմլը Խերսոնից հեռանալը «նվաստացուցիչ» չի համարում

Ուկրաինական բանակը նոյեմբեր 11-ին մտավ Խերսոն քաղաք։ Սոցիալական ցանցերում արդեն ուկրաինացի զինվորականների լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակվել։ Բնակիչները ուկրաինական դրոշներով են դիմավորում նրանց։

Կրեմլը, սակայն, շարունակում է հայտարարել, որ հանրաքվեով բռնակցված Խերսոնի շրջանը Ռուսաստանի մաս է, իսկ նահանջի մեջ նվաստացուցիչ ոչինչ չկա։ «Խերսոնը Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ է, այս կարգավիճակը օրենքով սահմանված և ամրագրված է։ Փոփոխություններ չկան և չեն կարող լինել», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա միաժամանակ հրաժարվել է մեկնաբանել Խերսոնից ռուսական զորքերի դուրսբերումը և դարձյալ շեշտել է. - «Հատուկ ռազմական օպերացիան շարունակվում է և կավարտվի, երբ Ռուսաստանը հասնի իր նպատակներին»։

Պեսկովը, ի դեպ, կրկին ասել է, թե հակամարտությունը կարելի է կարգավորել բանակցությունների միջոցով՝ շեշտելով, սակայն, որ դրանք այսօր հնարավոր չեն Կիևի դիրքորոշման պատճառով։

Կրեմլում Խերսոնից հեռանալը և Դնեպրի ձախ ափ զորքերի վերատեղաբաշխումը նվաստացուցիչ չեն համարում, լրագրողների հարցին ի պատասխան ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա ընդգծել է, որ դրանից տարածաշրջանի կարգավիճակը չի փոխվել։ «Դա Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ է։ Օրենսդրորեն այդ սուբյեկտը ամրագրված է, սահմանված։ Այստեղ չկան փոփոխություններ և չեն կարող լինել», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին այն մասին, թե արդյոք Ռուսաստանը շարունակում է ողջ Խերսոնի մարզը համարել իր տարածքը և արդյոք իրավաբանորեն գրանցելու է աջափնյա մասի կարգավիճակը։

Նկատենք, որ առանց մարտերի թողնելով Խերսոնը՝ ռուսական ուժերը միաժամանակ շարունակում են ուկրաինական քաղաքների և էներգետիկ ենթակառուցվածքների ռմբակոծումը։ Գիշերը Նիկոլաև քաղաքում հրթիռակոծվել է հինգհարկանի բնակելի շենք, հինգ մարդ է զոհվել։

Մոսկվան մեղադրում է Ուկրաինային «կեղտոտ ռումբ» ստեղծելու փորձերի մեջ


Պատերազմից կես տարի անց Ռուսաստանը սկսել է մեղադրել Ուկրաինային «կեղտոտ ռումբ» ստեղծելու փորձերի համար: Ուկրաինան կտրականապես հերքում է՝ միջազգային փորձագետներին հրավիրելով ստուգումների: Այդ երկրի նախագահը կարծում է՝ Ռուսաստանը ցանկանում է «կեղտոտ ռումբը» որպես պատրվակ օգտագործել նաև տակտիկական միջուկային զենք կիրառելու համար:

ԱՄՆ-ի դիրքորոշումը՝ Ուկրաինան ինքը պետք է որոշի Ռուսաստանի հետ ցանկացած բանակցությունների ժամկետներն ու բովանդակությունը

Ուկրաինան ինքը պետք է որոշի Ռուսաստանի հետ ցանկացած բանակցությունների ժամկետներն ու բովանդակությունը։ Այս մասին Պնոմպենում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Բլինքենը քննարկել է նաև «կարևոր ենթակառուցվածքների վրա ռուսական հարձակումների հետևանքները ձմռան մոտենալուն զուգընթաց մեղմելու, ներառյալ մարդասիրական օգնության արագացման հարցում Ուկրաինային աջակցելու Միացյալ Նահանգների վճռական հանձնառությունը»: «Պետքարտուղարը (Բլինքենը) կրկնել է, որ Ուկրաինան պետք է որոշի ցանկացած բանակցային շրջանակի ժամկետներն ու բովանդակությունը»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը: Բլինքենը և Կուլեբան հաստատել են համաձայնագրի երկարաձգման կարևորությունը, որը թույլ է տալիս Ուկրաինային հացահատիկ արտահանել Սև ծովով՝ մինչև հաջորդ շաբաթ դրա գործողության ժամկետի լրանալը:

ՌԴ-ն ձգտում է SWIFT-ին «Ռոսսելխոզբանկ»-ի վերամիացմանը՝ ՄԱԿ-ի մակարդակով

Միջազգային գյուղատնտեսական օպերացիաներն ապահովելու համար Ռուսաստանը ՄԱԿ-ի հետ քննարկում է SWIFT-ին «Ռոսսելխոզբանկ»-ի վերամիացման հնարավորությունը, որը հունիսի 14-ին անջատվել էր ֆինանսական հաղորդագրությունների համակարգից: Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը SWIFT-ին «Ռոսսելխոզբանկ»-ի միացումն անվանել է «առանցքային հարց», առանց որի հնարավոր չէ կարգավորել ռուսական գյուղմթերքի արտահանումը», գրել է «Կոմերսանտը»։ «Առանց դրա, իհարկե, մենք պարզապես չենք կարող առաջ գնալ։ Մենք մինչ այդ էլ քննարկել ենք այդ հարցը, երեկ մենք շատ առարկայական և երկար խոսել ենք այդ մասին, կրկին հավաստիացումներ ենք ստացել ՄԱԿ-ի ներկայացուցիչներից, որ նրանք նույնպես հարցը կենսական կարևոր են համարում»,- Ժնևում ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Վերշինինը։
Հունիսին «Ռոսսելխոզբանկը», ինչպես նաև «Սբերբանկը» և MKB-ն, անջատվել են SWIFT համակարգից՝ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակներում։ Ռուսական սննդամթերքի, այդ թվում՝ ֆինանսական արտահանման խոչընդոտների վերացումը ռուսական կողմի հիմնական պահանջն է հացահատիկի գործարքի շրջանակներում, որի կողմերից մեկը ՄԱԿ-ն է։

Մոսկվան արգելեց Բայդենի ընտանիքի և Սպիտակ տան մամուլի քարտուղարի մուտքը իր տարածք

Ռուսաստանն արգելել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ընտանիքի և Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերի մուտքը իր տարածք, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։ Դեպարտամենտի կայքում հրապարակված ցուցակում ընդգրկված են նախագահի քույրն ու եղբայրները Վալերի, Ջեյմս և Ֆրենսիս Բայդենները, ինչպես նաև առողջապահության նախարար Խավիեր Բեկերան, գյուղատնտեսության նախարար Թոմաս Վիլսակը, Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը և ԱՄՆ ներքին գործերի նախարար Դեբրա Հոլանը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4365 անգամ
Լրահոս
ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրեն Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան Տարածքային հերթական զիջումը բերելու է գոյութենական մասշտաբային աղետի․ «Ջենեսիս Արմենիա» Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Երբ տարածքներից խոսում էր, ասում էր ձեռքերս կկտրեմ՝ մի միլիմետր հող չեմ տա, եթե տամ, հրապարակում ինձ կախե՛ք. Գառնիկ Դանիելյան «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը Պետք առաջնորդվել ոչ թե Ալմա Աթիի Հռչակագրով, այլ ԵԱՀԿ Քարտուղարության փաստաթղթով. Խոսրով Հարությունյան Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ. արդեն քննարկվում է Հայաստանի գոյության հարցը․ Արցախի թեմի սարկավագ (video) Մենք գտնվում ենք պարտադրված պատերազմի մեջ․ Բագրատ Սրբազան (video) Ամեն անգամ Փաշինյանին ձայն տալով՝ իրենք փոքրացրել են Հայաստանի սահմանները․ Թագուհի Թովմասյան (video) Հովհաննես Դավթյան, ո՞վ ես դու, մի՛ ուրախացեք, որ դեռ թփրտում եք․Դավիթ Սահակյանց (video) «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են». Վահրամ Սահակյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am