«Բյուրեղ» թաղամասում անվտանգության աշխատակցին հետապնդած տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
«Բյուրեղ» թաղամասում հայհոյած, զենքի նմանվող իրով անվտանգության աշխատակցին հետապնդած 33-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և գրավը։ Այս մասին 24News-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին Երևան քաղաքում գտնվող «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատիրոջը՝ Աշոտ Արսենյանին, պատկանող «Բյուրեղ» բնակելի թաղամասում միջադեպ էր արձանագրվել։
Արշակունյաց պողոտայում գտնվող թաղամասում 33-ամյա տղամարդը վիճաբանել էր մեկ այլ անձի հետ թաղամասում ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, բարձրաձայն հայհոյանքներ էր հնչեցրել, սպառնացել։ ՆԳՆ-ից հայտնել էին, որ տղամարդը իր առավելությունն ընդգծելու նպատակով, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկից վերցրել էր հրազենի նմանվող առարկա և, շարունակելով հայհոյանքներ հնչեցնել, հետապնդել էր մեկ այլ անձի։
24News-ի հավաստի տեղեկություններով, 33-ամյա տղամարդը, ով օրերս Երևանի «Բյուրեղ» թաղամասում հայհոյանքներ էր հնչեցրել և զենքով սպառնացել մեկ այլ տղամարդու իրավապահներին է ներկայացրել փեյնթբոլի համար նախատեսված հատուկ զենք, որն արտաքնապես նման է AK74 զենքին։ Արդյո՞ք դա է եղել խուլիգանություն կատարելու պահին վերջինիս մոտ եղած իրը, իրավապահները փորձում են հենց դա պարզել։ Մեր տեղեկություններով, տղամարդը Արարատի մարզից է։
Քննչական կոմիտեից 24News-ին հայտնել էին, որ Երևանի «Բյուրեղ» բնակելի թաղամասում խուլիգանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Վերջինիս վերաբերյալ ձերբակալման որոշում էր կայացվել։
Նախաքննությունը շարունակվում է։
