«Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին
Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությանը Մերձավոր Արևելքում իրավիճակի ապակայունացման և Սիրիայում իրադրության խաթարման մեջ՝ կոչ անելով միջազգային հանրությանը հակազդել։
«Նեթանյահուի ցեղասպանական ցանցի գործունեությունը տարածաշրջանին ոչինչ չի բերի, բացի էլ ավելի մեծ քաոսից և զանգվածային սպանություններից։ Ցեղասպանությունը Գազայում, Արևմտյան ափը Գազայի հատվածի վերածելու գործողությունները, իրանցի ժողովրդի վրա հարձակումները, Լիբանանի մի հատվածի օկուպացիան և Սիրիայի հետապնդումները՝ այս ամենը միևնույն ֆանատիկական ծրագրի մասն է», – X-ում գրել է Չելիքը։
Նա նշել է, որ «ամեն անգամ, երբ Սիրիայի կառավարությունը քայլեր է ձեռնարկում երկրի ներքին ամբողջականությունն ապահովելու համար, Իսրայելն անմիջապես հարվածում է» սիրիական ժողովրդի միասնության զգացումներին։
Չելիքը հավելել է նաև, որ Նեթանյահուն «հարձակվում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա՝ ներիսրայելական քաղաքականության ճնշման պատճառով»։ «Դրա պատճառն այն է, որ մեր նախագահն ամենավճռական դիրքորոշումն է զբաղեցնում մարդասպանների այս ցանցի նկատմամբ։ Մեր նախագահի ձայնը հանուն ողջ մարդկության դատապարտում է ցեղասպանության այս ցանցը։ Չափազանց կարևոր է, որ գա մի օր, երբ այս ցանցը պատասխանատվության ենթարկվի օրենքի առաջ։ Ամբողջ միջազգային հանրությունը հանուն սեփական արժանապատվության պետք է միաձայն հակազդի Նեթանյահուին», – նշել է Չելիքը։
