ԱՄԷ-ն Իրանին մեղադրել է ADNOC-ի նավի հրթիռակոծման մեջ
Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել են, որ Abu Dhabi National Oil Company-ին (ADNOC) պատկանող նավը Հորմուզի նեղուցում ենթարկվել է Իրանի կողմից հրթիռային հարձակման։
Ինչպես հայտնում է ԱՄԷ-ի պաշտոնական WAM լրատվական գործակալությունը, ADNOC-ին պատկանող նավն առավոտյան հրթիռակոծվել է Հորմուզի նեղուցում։
Նշվում է, որ հարձակման հետևանքով զոհեր չկան։
ԱՄԷ ԱԳՆ-ն ևս գրավոր հայտարարությամբ խստորեն դատապարտել է ADNOC-ին պատկանող նավի նկատմամբ «Իրանի հարձակումը»։
Հայտարարության մեջ նշվում է, որ հարձակման հետևանքով ոչ ոք չի զոհվել և չի տուժել։ Միաժամանակ ընդգծվում է, որ հարձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2817 բանաձևի ակնհայտ խախտում է, որով ընդգծվում է նավագնացության ազատությունը և մերժվում են առևտրային նավերի վրա հարձակումները կամ միջազգային ծովային ուղիների խախտումը։
Հայտարարության համաձայն՝ առևտրային նավերի վրա հարձակումները և Հորմուզի նեղուցը որպես ճնշման կամ տնտեսական շանտաժի գործիք օգտագործելը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից իրականացվող «ծովահենություն» են և ուղղակի սպառնալիք են տարածաշրջանի ու նրա բնակչության կայունությանը, ինչպես նաև համաշխարհային էներգետիկ անվտանգությանը։
ԱՄԷ-ն կոչ է արել Իրանին դադարեցնել հարձակումները և պահանջել է առանց որևէ նախապայմանի բացել Հորմուզի նեղուցը նավագնացության համար։
