Օգոստոսի 10-ից Հայաստան կգա նոր ցիկլոն. Գագիկ Սուրենյան
Օգոստոսի 10–ից Հայաստանը կգտնվի Սև ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում, որի հետևանքով ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով` առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է մթնոլորտի շրջանառության լուրջ փոփոխություն։ Հայհիդրոմետի կանխատեսումների համաձայն՝ օգոստոսի 8–ին և օգոստոսի 9–ի մինչև երեկո Հայաստանը կշարունակի գտնվել Հարավային արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում հանրապետության ողջ տարածքում կպահպանվի առանց տեղումների եղանակը։
«Օգոստոսի 9–ի ուշ երեկոյան ժամերին, օգոստոսի 10–ին և 11–ին Հայաստանը կգտնվի Սև ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում, որն իր հետ կբերի զովություն և խոնավություն։ Այդ օրերին շրջանների մեծ մասում սպասվում է ամպրոպային բնույթի կարճատև անձրև։ Առանձին հատվածներում դրանք կլինեն հորդառատ և, ցավոք, կլինեն շրջաններ, որտեղ կտեղա կարկուտ»,–նշել էՍուրենյանը։
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 10– 11–ին, օգոստոսի 9 համեմատ, կնվազի 4–6 աստիճանով, և արդեն օգոստոսի 10–ից հետո Արարատյան դաշտում, Երևանում, Սյունիքի հովտային գոտիներում ցերեկային ժամերին ջերմաստիճանը չի գերազանցի 34– 35 աստիճանը և կլինի կլիմայական նորմայի սահմաններում։
