«Հրապարակ». Գյումրին կարող են խոշորացնել, մեկ նոր համայնք միացնել, որ ընտրություն անցկացնեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ կենաց-մահու պայքար է մղում Գյումրին ուզուրպացնելու համար, տեղի իշխանությունների ու գործընկերների միջև անջրպետը խորանում է։ Մեզ ասացին, որ կալանավորված Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը, որը, լինելով քաղաքապետի առաջին տեղակալ, փոխարինում է Ղուկասյանին, գործընկեր կուսակցություններին մինչ այս պահը չի տեղեկացրել՝ գնո՞ւմ է խորհրդարան, թե՞ շարունակելու է փոխքաղաքապետ աշխատել։
Գործընկերները վիրավորված են այս վերաբերմունքից, հատկապես որ պարզ էլ չէ, թե Առաքելյանի հրաժարականից հետո ով է փոխարինելու նրան։ Ասում են՝ Ղուկասյանի թիմում չկա մեկը, որը կարող է ձգել այդ պաշտոնին և ընդունելի լինել ընդդիմության համար։ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանին էլ քրեական վարույթով կարող են հարմար պահի չեզոքացնել։
Իսկ իշխանությունը հույս ունի, որ Առաքելյանի հեռանալուց հետո փոխարինող չեն ընտրի, և համայնքապետի ԺՊ կնշանակեն, որովհետև կարծես ձախողվում է նիստերը տապալելու միջոցով ավագանին լուծարելու և արտահերթ ընտրությունների գնալու պլանը։ Իսկ եթե՝ ոչ, ապա խոսում են, որ Գյումրին կարող են խոշորացնել, մեկ նոր համայնք միացնել, որ ընտրություն անցկացնեն»։
