Թրամփի բոլոր նշանակումները նույն տրամաբանության մեջ են. Սոկոլովի նշանակումը բացառություն չէ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է

Ադրբեջանը Թուրքիային ու Նախիջեւանին կապող TRIPP միջանցքը TRIPP + առեւտրային հիմնադրամն է իրականացնելու, որը ղեկավարելու է ԽՍՀՄ-ում ծնված, Չիկագո տեղափոխված ամերիկացի ներդրող, ազգությամբ հրեա Կոնստանտին Սոկոլովը: ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է այս տեղեկությունը:

«Չիկագոյում մասնավոր կապիտալի ներդրող Կոնստանտին Սոկոլովը կնախագահի Պետդեպարտամենտի նոր ձեռնարկատիրական հիմնադրամը, որը կվերահսկի Կենտրոնական Ասիայի առեւտրային միջանցքի համար նախատեսված ավելի քան 200 միլիոն դոլարը, ներառյալ՝ տրանսպորտային, էներգետիկ ենթակառուցվածքների ու կարեւորագույն հանքանյութերի ոլորտներում ներդրումները»: Սոկոլովը պետական պաշտոններ չի զբաղեցրել, նա մեկն է այն 36 նվիրատուներից, ովքեր ֆինանսական միջոցներ են հատկացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քարոզարշավին եւ Սպիտակ տան պարահանդեսային շքեղ դահլիճի նորոգմանը, որը գնահատվում է 350 մլն դոլար։ Բայց Կոնստանտին Սոկոլովի նվիրատվության չափը հայտնի չէ:

TRIPP + առեւտրային հիմնադրամը, որը նախագահելու է Սոկոլովը, ըստ Պետդեպի, կառավարելու է 201 միլիոն դոլարանոց բյուջե եւ լիազորված է տրամադրել վարկեր, դրամաշնորհներ, ներդրումներ անել Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում ու Կենտրոնական Ասիայում՝ մասնավոր հատվածի ռազմավարական զարգացման համար։ Փետրվարին Երեւան կատարած այցի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը TRIPP + հիմնադրամը որակել էր որպես «պատմական վերափոխման» մի մաս, որը «կբացի առեւտրի, տարանցման եւ էներգետիկ հոսքերի միանգամայն նոր աշխարհ»։ Միեւնույն ժամանակ, ըստ The Guardian-ի, «հստակ չէ, թե ինչպես կարող են Սոկոլովը կամ ԱՄՆ-ն շահույթ ստանալ հիմնադրամից եւ արդյո՞ք ստանալու են փոխհատուցում իրենց դերակատարման համար»։ Սոկոլովը Հայաստանում հայտնի է որպես հայաստանյան կապի խոշոր օպերատորներից «Վիվա Արմենիա»-ի համասեփականատեր։ «Վիվա Արմենիա»-ն վերջերս ձեռք էր բերել նաեւ մեկ այլ օպերատորի՝ «Ռոստելեկոմ»-ի բաժնետոմսերը։

Ապրիլին գրվել էր, որ վերջինս նաեւ Թեղուտի պղինձ-մոլիբդենի հանքավայրի հնարավոր գնորդն է։ Սոկոլովը պաշտոն է զբաղեցնում Northern Pillar Energy կոնսորցիումում, որը մաքուր էներգիայի ու օպտիկամանրաթելային մալուխների հաղորդակցությամբ է զբաղվում՝ կապելով Աֆրիկան Եվրոպային։ Չիկագոյում գործող IJS Investments-ի հիմնադիրն է, հիմնադիր է նաեւ Ցյուրիխում գործող Gotthard Investment AG-ում. այս ընկերությունը կենտրոնացած է ֆինանսական ծառայությունների մատուցման, էներգետիկայի ու անշարժ գույքի ոլորտներում։ Պետքարտուղարության խոսնակը վստահեցրել է, որ հիմնադրամը գործելու է ամերիկյան օրենսդրության պահանջներին համապատասխան՝ տարեկան հաշվետվությունների, անկախ աուդիտների, ինչպես նաեւ դրամաշնորհների տրամադրման հարցերում՝ շահերի բախման պահանջներին հետեւելով։

Արտակարգ եւ լիազոր դեսպան, ԳԽ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով այս նշանակման մասին, ասում է․ «Կարծում եմ, որ այստեղ կոնսպիրոլոգիայի կարիք չկա։ Հայտնի է, որ նա ծնվել եւ սովորել է Ռուսաստանում, 21 տարեկանում մեկնել է ԱՄՆ։ Որեւէ լուրջ կապերից ես տեղյակ չեմ: Նա մասնագիտությամբ մաթեմատիկոս է, հետեւաբար՝ տրամաբանող մարդ է, ԱՄՆ-ում ներդրումներով է զբաղվել: Ունի ուղիղ կապ Թրամփի հետ: Գրում են, որ մոտ 100 միլիոն դոլարի օժանդակություններ ու ներդրում է արել ԱՄՆ նախագահի տարբեր ձեռնարկներում: Նա լուրջ ներդրող է իրականում։ Գիտի լեզուներ եւ ծանոթ է տարածաշրջանի ժողովուրդների մշակույթներին: TRIPP + առեւտրային հիմնադրամը չի վերաբերում միայն Հայաստանին, Ադրբեջանին եւ Թուրքիային, այն նաեւ Միջին Ասիայի համար է: Կարծում եմ, որ նշանակումը համահունչ է Թրամփի կադրային քաղաքականության տրամաբանությանը, որը պարտադիր ենթադրում է անձնական նվիրվածություն: Այս կտրվածքով պետք է նայել Թրամփի բոլոր նշանակումները, եւ Սոկոլովի նշանակումը բացառություն չէ: Ինձ միշտ զարմացրել է հայաստանյան ընդդիմության ժխտողականությունը TRIPP-ի հանդեպ: Նրանք, կարծես, խուսափում են այդ կարեւոր նախագծի վերաբերյալ համապարփակ գնահատական տալուց: ՀՀ կառավարությունն ԱՄՆ-ի հետ համաձայնագիր է կնքել, այն հետեւողականորեն առաջ է տանում, դա լուրջ աշխարհաքաղաքական կոնցեպցիա է եւ տարածաշրջանում լուրջ փոփոխություններ է բերելու: Ես դժվարանում եմ ասել, թե ինչ ազդեցություն եւ կապեր ունի Սոկոլովը ՌԴ-ում։ Սակայն կարծում եմ, որ ՌԴ-ն պետք է արդյունավետ դիվանագիտական ջանքեր գործադրի՝ այս հարթության վրա իր հետաքրքրությունները հնարավորինս ամրագրելու համար: Երկաթուղային մասը դեռեւս գտնվում է Ռուսաստանի հսկողության տակ, եթե հին երկաթգիծն օգտագործվելու է, ապա ռուսական գործոնը կարեւոր է, թեպետ ամերիկացիները հայտարարել էին, որ նպատակը Ռուսաստանին եւ Չինաստանին իզոլացնելն է։ Մինչդեռ ռուսական կողմի իրական դիրքորոշումն անհասկանալի է, նրանք եւս հակված են ժխտել TRIPP-ը՝ պնդելով, որ այն սոսկ քաղաքական նախագիծ է։ Այո, քաղաքական է, եւ ի՞նչ:

Չեմ ցանկանա, որ Հայաստանը հայտնվի խոշոր տերությունների աշխարհաքաղաքական մրցակցության կիզակետում՝ դրանից բխող քաղաքական, տնտեսական եւ անվտանգային ռիսկերով։ Այս տեսանկյունից առավել նպատակահարմար կլինի ձեւավորել համագործակցության այնպիսի ձեւաչափ եւ մեխանիզմներ, որոնք ինչ-որ չափով հաշվի կառնեին նաեւ Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի շահերը։ Ներառական մոտեցումը կարող է նվազեցնել նախագծի աշխարհաքաղաքական բեւեռացման ներուժը եւ այն վերածել ոչ բացառապես մրցակցային բաժանարար նոր գծի, այլ տարածաշրջանային փոխկապակցվածությունը լրացնող եւ տարբեր շահերը համադրող ենթակառուցվածքային նախաձեռնության։

Նախագիծն ունի ներուժ՝ լուրջ կերպով ազդելու Հարավային Կովկասի ռեգիոնալիզացիայի վրա։ Հայաստանի համար TRIPP-ը շատ ավելին է, քան երթուղիների եւ կոմունիկացիաների դիվերսիֆիկացման հնարավորությունը. այն վերաբերում է երկրի կարողությանը՝ ընդլայնելու իր արտաքին քաղաքական եւ տնտեսական մանեւրելու կարողությունը՝ առանց նոր հնարավորությունները լրացուցիչ կախվածությունների վերածելու։ Այս առումով տարածաշրջանային կապակցվածության նոր ճարտարապետության ձեւավորումը դառնում է քաղաքական կարեւոր փորձություն՝ պայմանավորելով ինչպես Հայաստանի ինքնիշխանության պահպանման հրամայականը, այնպես էլ մեր երկրի տեղն ու դերը՝ Հարավային Կովկասում ձեւավորվող տարածաշրջանային կարգում»։

դիտվել է 406 անգամ
Լրահոս
2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն Ազիզյան Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը օտարերկրացիներ են Տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել Трампа вывозили с саммита НАТО в контейнере для питания в самолёте Առեղծվածային մահվան դեպք. փողոցում դի է հայտնաբերվել․դեմքին եղել են արնանման հետքեր ԵՊՀ-ն Ադրբեջանի պատմությանը նվիրված գիտաժողով է անում Եսթեր Սահակյանը վերանշանակվել է Ազգային ու հոգևոր ինքնության զորացում. Վեհափառ Հայրապետն ընդունել է սփյուռքահայ երիտասարդների Տարաձայնությունները չպետք է հիմք դառնան Ռուսաստանի հետ թշնամության համար. Վրաստանի վարչապետ Երեկ Արագածոտնի մարզում վթարի ենթարկված «Opel»-ի վարորդը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է Չգիտեմ՝ ինչպես շարունակել, կասկածում եմ, որ երկար կխաղամ ֆուտբոլ. Մեսսիի գրառումը հոր մահից հետո Կվերականգնվի Կիևյան կամրջով երթևեկությունը Նրանք, ովքեր ծաղրում են պատերազմի և Եկեղեցու հիշատակը, այլևս ոչ մի սրբություն չունեն․ Զախարովա Ռուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիների 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա»․ կալանավորվել են Դիմում եմ ընդդիմադիր ուժերին․ սա այն սահմանն է, որից այն կողմ լռությունը կարող է արդեն անդառնալի հետևանքներ ունենալ Գտել են մոլորված 12 քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկիի հետ Թուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել Բացահատվել է անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք Տակա՛նք, մտա Թբիլիսի, այնտեղ մարդիկ լացում էին Ռուբեն Վարդանյանի համար․ Գառնիկ Դանիելյան (video) Ավետիք Չալաբյանի վիճակի մասին կնոջ բացահայտումները (video) «Սրանք արյունով, ինքնությամբ են ադրբեջանցի»․ հոգեբան (video) «Դըմփ-դըմփ-հու»- ն Նիկոլի և ՔՊ-ի «ուղեղի մեջ է» (video) Գեղամ Նազարյանն ինձ սարսափելի վիրավորանք է հասցրել․ մինչև վերջ գնալու եմ․․․ լրագրող Անի Գևորգյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am