Խուլ դժգոհություն է հասունացել մարզպետաց դասում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Խուլ դժգոհություն է հասունացել մարզպետաց դասում։ Բանն այն է, որ մեկ մարդ է որոշում՝ ով պետք է խորհրդարան գնա, ով գործադիրում մնա եւ ով վաստակած հանգստի մեկնի։ Իսկ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ մարզպետները չպետք է վերցնեն պատգամավորական մանդատները, թեպետ շաբաթներ առաջ նրանցից շատերը լուրեր էին տարածում, թե գնալու են խորհրդարան, վայելեն առաջիկա հինգ տարվա անվրդով կյանքը՝ առանց պատասխանատվության միայն կոճակ սեղմեն եւ բարձր աշխատավարձ ու պարգեւավճար ստանան։ Մանավանդ՝ նրանք գիտեին, որ 2028 թվականին մարզպետարանները լուծարվելու են, եւ չէին ուզում մեկ-երկու տարուց անգործ մնալ։ Բայց նրանց ցանկությունը ոչ մեկին չի հետաքրքրում։

Համայնքները խոշորացնելուց հետո մարզպետաց ինստիտուտը կլուծարվի, ավելի ճիշտ՝ կվերակազմավորվեն մարզպետարանները. տեղերում կմնան փոքրաթիվ աշխատակազմեր՝ կառավարության ներկայացուցչով։ Ուստի հասկանալի է, որ մարզպետները նեղված են, բայց չեն կարող հակադրվել Փաշինյանի որոշմանը, անգամ այդքան սիրտ չեն անում, որ նրա հետ քննարկեն իրենց ցանկությունները, նրա կամքն անքննելի է։ Ի դեպ, ըստ իշխանության աղբյուրների, այս գործընթացն ըստ էության մեկնարկել է եւ ավարտին պետք է հասցվի առաջիկա երկու տարում, մարզպետարանները լուծարելու հիմնավորումը վարչական համակարգի օպտիմալացումն է։ Կա տեսակետ, որ մարզպետարաններն այլեւս չեն իրականացնում այնպիսի գործառույթներ, որոնք արդարացնեն այդ մեծ կառույցների գոյությունը։

Այս նկատառումով էլ վերջին տարիներին մարզպետարաններին զրկում են մի շարք առանցքային լիազորություններից։ Դիցուք՝ բժշկական կենտրոնների տնօրենների նշանակման եւ ազատման գործընթացը կենտրոնացվել է առողջապահության նախարարությունում, սեպտեմբերից հանրակրթական դպրոցների կառավարման գործառույթներն ամբողջությամբ անցնելու են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, սոցիալական ծառայությունների գործառույթները նույնպես վերակազմակերպվել են։
Կառավարության նիստից հետո երեկ լրագրողները մի քանի մարզպետից հետաքրքրվել են նրանց ճակատագրի մասին, հարցրել մարզպետարանների լուծարման գործընթացից։ Բոլորը միաբերան պնդել են, թե քննարկում չի եղել այդ հարցով, իրենք տեղյակ չեն։ Իսկ Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի մարզպետներն էլ հերթապահ բացատրություն են տվել, թե ինչու են հրաժարվել մանդատներից՝ ասելով, որ մարզում աշխատելն իրենց ավելի է դուր գալիս, եւ իրենք են իբր նման որոշում կայացրել, ոչ թե պարտադրված են բացարկի դիմումներ գրել։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, որ խորհրդարանից է ժամանակին տեղափոխվել մարզպետի պաշտոնին, առաջիններից է, որ հայտնեց մանդատից հրաժարվելու որոշման մասին։ Երեկ նա մեզ ասաց, թե որոշում է կայացվել, որ ինքը պետք է շարունակի աշխատել գործադիրում, ինքն էլ ընդունել է։ Մեր տեղեկությունների մասին բարձրաձայնեցինք, որ մարզպետներն ավելի հեշտ գործ էին նախընտրում՝ խորհրդարան գնալը, բայց իրենք չեն որոշողը։ «Դե, չես համեմատի օրենսդիր եւ գործադիր մարմինների աշխատանքները, ամեն մեկն իր կարեւորությունն ունի, բայց ես պատասխանատվություն ունեմ մարզի բնակիչների հանդեպ, պատասխանատվություն ունեմ մեր թիմի հանդեպ, որոշումը կայացվել է, որ մնալու եմ, շարունակեմ աշխատանքը, որը շատ սիրում եմ»,- ասաց Առուշանյանը։ Չէի՞ք ուզենա ավելի հեշտ ու ավելի երաշխավորված գործի գնալ՝ կոճակ սեղմել միայն։ «Այս կյանքում ի՞նչն է հեշտ, եւ հետո՝ ԱԺ-ում կոճակ չեն սեղմում միայն, դուք տեսել եք իմ աշխատանքը, պատգամավորները չերեւացող շատուշատ գործառույթներ ունեն։ Բայց, ամեն դեպքում, այո, գործադիրի աշխատանքը մի քիչ ավելի աշխատատար է ու նաեւ իր մեջ հետաքրքիր էլեմենտներ ունի, որ դու կարողանում ես լավ բան անել մարզիդ, քաղաքիդ համար, այդ գիշեր կարողանում ես հանգիստ քնել, դա էլ իր հաճույքն ունի»։

Խոսելով մարզպետարանների օպտիմալացման մասին, մարզպետ Առուշանյանն ասաց, որ նման քննարկում չեն ունեցել, բայցեւ չբացառեց, որ այդ գործընթացը կարող է սկսվել։ Նկատեցինք, որ արդեն սկսվել է՝ մարզպետարանների ենթակայությունից կրթական, առողջապահական հաստատություններն են դուրս բերվում։ «Այդ լիազորությունները մարդն է իր համար ստեղծում։ Չկա մի կառուց, որի նկատմամբ ես չունենամ հետաքրքրություն, որովհետեւ բոլոր կառույցները կապ ունեն մարզիս բնակիչների հետ, դա իրավական կլինի, թե բարոյական՝ հարցի մյուս կողմն է»,- փիլիսոփայական պատասխան տվեց Առուշանյանը՝ շարունակելով․ «Հետո էլ՝ այնպես չէ, որ դպրոցներն ամբողջությամբ գնացել են ԿԳՄՍՆ-ի ենթակայության տակ, վարչատնտեսական համակարգումն ու ֆինանսական հատվածը, եթե չեմ սխալվում, մարզպետների ենթակայության տակ է, կրթական մասը՝ նախարարության»։ Առուշանյանը պնդեց, որ մարզպետարաններն ավելորդ կառույցներ չեն․ «Միանշանակ, որովհետեւ մարզպետարանները կառավարության ներկայացուցչություններն են մարզում ու բոլոր առումներով՝ թե՛ ՏԻՄ-երի հետ աշխատանքի, թե՛ ուժայինների, տեսչականների, առողջապահական ու կրթական համակարգերի»։

դիտվել է 163 անգամ
Լրահոս
«Հրապարակ». Գյումրին կարող են խոշորացնել, մեկ նոր համայնք միացնել, որ ընտրություն անցկացնեն «Ժողովուրդ». Արտահանումների իրական պատկերն այնքան էլ չի համապատասխանում պաշտոնական հայտարարություններին Չինաստանը հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները Ծառուկյանին պատկանող «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ում քննչական մարմինները ստուգումներ են կատարում. փաստաբան «Էլ ի՞նչ պատերազմ՝ կոտորшծ է լինելու․ Ալիևից մի բան սպասեք»․ Արշակ Զաքարյան (video) Վենսը հերքել է Իրանից ԱՄՆ ներկայացուցիչների ինսայդերային գործարքների մասին տվյալներ ստանալու փաստը Առաջիկա օրերին ԱՄՆ-ում սպասվում են անոմալ շոգեր և ջրհեղեղներ Թրամփի բոլոր նշանակումները նույն տրամաբանության մեջ են. Սոկոլովի նշանակումը բացառություն չէ․ «Հրապարակ» Մալայզիան կհեռացնի իր երկրում հայտնաբերված Իսրայելի ցանկացած քաղաքացու «Ստեփանավանում մտահոգված են նոր հանքավայրի շահագործման հետ կապված»․ Նաիրի Հոխիկյան Միջնաժամկետ կանխատեսումների իրատեսականությունը խորը մտահոգությունների տեղիք է տալիս. «ԼՈՒՅՍ» Խուլ դժգոհություն է հասունացել մարզպետաց դասում. «Հրապարակ» Ինչ-որ մարդիկ շատ-շատ են ուզում, որ խորհրդարանում չլինեմ, դրանց չեմ ուրախացնելու. Աղվան Վարդանյան Վերաքննիչ Վարչական դատարանը ևս հաստատեց, որ 2024 թվականի համար կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. Վահե Գրիգորյան Միքայել Սրբազանն այցելել է Բագրատ Սրբազանին Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Հա՛մ իրեն են շանտաժի ենթարկում, հա՛մ՝ ինքը․ Ի՞նչ ծուղակի շուրջ են համաձայնել (video) Երեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն ԵՄ-ն մեծացնում է ռազմական պատվերները՝ աջակցելով Ուկրաինային․ Զախարովա ԵԱՏՄ-ն և Միջպետական ավիացիոն կոմիտեն կզարգացնեն համագործակցությունը Բաքվում Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները դիմավորում են բացահայտ ոգևորությամբ. Աբովյան Ռոսսելխոզնադզորը սահմանափակում է Թուրքիայից մի շարք մրգերի մատակարարումները Կրակոցներ Լոռու մարզում․ 30-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներ է ստացել Զախարովան Ֆոն դեր Լայենին կոչ է արել այլևս չայցելել Կիև ԱՄՆ-ն սկսել է Իրանի դեմ հարվածների նոր ալիք
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am