ԱՄՆ-ում Քենեդիի կենտրոնի ճակատամասից հանել են Թրամփի անունը
Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունը, դաշնային դատարանի որոշումից հետո, ապամոնտաժել են Ջոն Քենեդիի անվան Կատարողական արվեստների կենտրոնի ճակատամասից, հաղորդել է CBS News-ը։
Ավելի վաղ ԱՄՆ օկրուգային դատարանի դատավոր Քրիստոֆեր Քուպերը որոշել էր, որ նախագահի անունը շենքի վրա տեղադրելը կատարվել է օրենքի խախտմամբ, և պարտավորեցրել էր այն հեռացնել մինչև հունիսի 12-ի օրվա ավարտը։ Միաժամանակ, դատարանը կասեցրել է Թրամփի վարչակազմի՝ կենտրոնը երկամյա վերակառուցման համար փակելու ծրագրերը։
Ապամոնտաժման աշխատանքները սկսվել են ուշացումով. ուրբաթ երեկոյան շենքի մոտ տեղադրվել են շինանյութեր, սակայն շաբաթ առավոտյան՝ հունիսի 13-ին, գրությունը դեռևս հեռացված չէր։
Վարչակազմում հայտնել են, որ ուշացումը կապված է եղել Վաշինգտոնում ամպրոպների հետ, որոնք ռիսկեր են ստեղծել աշխատանքների իրականացման համար։ Չնայած դրան՝ արդարադատության նախարարության ներկայացուցիչներն ընդգծել են, որ ապամոնտաժումը մոտ ժամանակներս կավարտվի։
Միևնույն ժամանակ, դատաքննությունը շարունակվում է. վերաքննիչ դատարանը մերժել է որոշումը կասեցնելու հրատապ միջնորդությունը՝ ուժի մեջ թողնելով անունը հանելու պահանջը։
