«Էլ Նինյոյի» գալուստով աշխարհին սպասվում են ծայրահեղ եղանակային երևույթներ․ ՄԱԿ
Աշխարհը պետք է պատրաստվի ծայրահեղ եղանակային երևույթների և աննախադեպ տապի նոր ալիքի, քանի որ մոտենում է «Էլ Նինյո» բնական ֆենոմենը, որն այս անգամ կարող է բացառիկ հզոր լինել։ Ինչպես հայտնում է POLITICO-ն, այս մասին զգուշացրել է ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ)։
Երեքշաբթի օրը կազմակերպությունը հայտարարել է, որ 80% հավանականությամբ «Էլ Նինյոյի» (Խաղաղ օվկիանոսի բնական կլիմայական ցիկլի տաք փուլի) սկիզբը կձևավորվի հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում, իսկ մինչև նոյեմբեր դրա ի հայտ գալու հավանականությունը հասնում է 90%-ի։
«Էլ Նինյոյի» վերադարձը նշանակում է գլոբալ ջերմաստիճանի ժամանակավոր բարձրացում՝ գումարվելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդածին տաքացմանը։
