Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը․ Milliyet
Թեհրանը խաղում է «հզոր Ամերիկայի» հետ, ինչպես երեխաները՝ խաղալիք խմորով, մինչդեռ Մոսկվայի ուրվագիծն ավելի ու ավելի հստակ է երևում նրա ետևում, նշում է թուրքական Milliyet պարբերականը: Արդեն պարզ է, թե ինչով կավարտվի ԱՄՆ-Իրան պատերազմը. Թրամփը կստորագրի պարտվողական համաձայնագիր և կհայտարարի որ հաղթանակն է տարել:
Իրանի ԱԳ նախարարի այցը Ռուսաստան, տպավորիչ էր նաև իր ձևով, նշում է պարբերականը:
Պուտինը դռան մոտ դիմավորեց Իրանի արտգործնախարարին։ Չնայած Լավրովն արդեն խոսել էր նրա հետ, Ռուսաստանի առաջնորդը նախ երկկողմ հանդիպում ունեցավ, որին հաջորդեցին ընդլայնված կազմով բանակցություններ։ Ռուսական հեռուստատեսությունը այցի ամբողջ ընթացքը հեռարձակեց գրեթե ուղիղ եթերում։
Այս տեսարաններից յուրաքանչյուրը կարող է ժամերով բանավեճի առարկա դառնալ, որի ընթացքում փորձագետները կվերլուծեն հետևանքները և կկատարեն եզրակացություններ: Այնուամենայնիվ, գլխավոր հարցը հետևյալն է. կարո՞ղ է Ռուսաստանը հանդես գալ որպես Իրանի տնտեսական փրկարար օղակ Հորմուզի նեղուցի ամերիկյան հակաշրջափակման ժամանակ:
Վերլուծաբանները նշում են, որ Մոսկվան, ըստ էության, կարող է նման փրկարար օղակ առաջարկել դժվարին ժամանակներում: Այնուամենայնիվ, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ նույնիսկ Չինաստանը չունեն ներկայիս լոգիստիկ խնդիրները լուծելու և նոր առևտրային ուղիներ ստեղծելու բարձր ծախսերը փոխհատուցելու կարողություն: Հետևաբար, Մոսկվայի ժեստերը պարտադիր չէ, որ նշանակեն որևէ էական փոփոխություն երկարաժամկետ հեռանկարում, նշում է պարբերականը:
Սակայն այսօր միջազգային հարաբերությունները չեն կառուցվում միայն ուժերի ռացիոնալ հավասարակշռության վրա։ Ամերիկան՝ իր ԿՀՎ-ով, Պենտագոնով և Վեցերորդ նավատորմով, երբեք չէր պատկերացնում, որ Իրանը պարզապես կփակի Հորմուզի նեղուցը և ամբողջ աշխարհը, այդ թվում՝ նավթով հարուստ երկրները, ինչպիսին է Միացյալ Նահանգները, կներքաշի տնտեսական ճգնաժամի մեջ։ Այնուամենայնիվ, նույնիսկ դիվանագիտական պատմություն ուսումնասիրող առաջին կուրսի ուսանողները անմիջապես կտան հենց այդ պատասխանը պատերազմի հնարավոր հետևանքների մասին հարցին, նշում է պարբերականը։
2025 թվականին Հորմուզի նեղուցով անցնում էր օրական միջինը 20 միլիոն բարել նավթ, որը համաշխարհային արտահանման գրեթե մեկ քառորդն է։ Այժմ, բացառությամբ մոլլաներին տարանցման համար մեկ բարելի համար մեկ դոլար վճարողների և «բարեկամ» պետությունների մեկ կամ երկու տանկերների, Պարսից ծոցի երկրների ներդրումը նավթի համաշխարհային սպառման մեջ, գրեթե վերացել է։ Եվ առաջարկի և պահանջարկի օրենքները արձակել են գնաճի հրեշին, որը սպառնում է աշխարի բոլոր երկրներին։
Սակայն Իրանը խաղում է «հզոր Ամերիկայի» հետ, ինչպես երեխաները՝ Play-Doh-ով։ Թեհրանը ներկայացրել է պատերազմը դադարեցնելու եռաստիճան ծրագիր։
Առաջին քայլը ռազմական գործողությունների դադարեցումն է և դրանց չվերսկսվելու իրական երաշխիքների տրամադրումը։
Երկրորդ քայլը ենթադրում է համաձայնության գալ այն մասին, թե ով է ապագայում վերահսկելու Հորմուզի նեղուցը։ Արդեն իսկ պարզ է, որ Իրանը Օմանի օգնությամբ կվերահսկի ջրանցքը։ Սա կլինի ԱՄՆ-ի և Իսրայելի պարտությունը։
Երրորդ քայլը վերաբերում է միջուկային հարցի շուրջ բանակցություններին «ապագայում»։ Մինչդեռ, միջուկային ծրագիրն, իբր, այս ամբողջ խառնաշփոթի հիմնական պատճառն էր։ Այլ կերպ ասած՝ մոլլաները հստակեցրին, որ չեն հրաժարվի ուրանը հարստացնելու հնարավորությունից, նշում է թուրքական պարբերականը, հեգնելով ամերիկյան կողմի «հիմնավորումները», թե իբր իրենք «հաղթանակ են տարել Իրանի հանդեպ»։
Թրամփը, ցնցված, իր վրա ևս մեկ մահափորձից, մերժեց իրանական այս առաջարկը։ Սակայն, կարծես թե, նա, ի վերջո, կստորագրի որևէ համաձայնագիր, որը նման կլինի Օբամայի և Թեհրանի միջև կնքված համաձայնագրին, չնայած, ժամանակին հենց Թրամփն էր քննադատում այդ համաձայնագիրը։ Եվ այդ ժամանակ նա որոշ ժամանակով կհեռացնի իրանական հարցը իր մտքից։
Ի դեպ, նշում է պարբերականը, իրանական իր պարտությունը կազդի նաև Թրամփի քաղաքականության վրա Ուկրաինայում:
Հենց այդ հանգամանքով էր նաև պայմանավորված Թրամփի հեռախոսազանգը Պուտինին և Կիևում ԱՄՆ-ի դեսպանի փոփոխությունը:
Զարմանալի չէր, որ այդ փոփոխությունները Զելենսկին անվանեց «ոչ դրական իրենց երկրի համար», իսկ Վենսի մասով ակնարկեց, թե վերջինս մտածում և գործում է ռուսական նարատիվների հիման վրա:
Այս ամենը ցույց է տալիս, թե ինչ աստիճանի է թուլացել ԱՄՆ-ն և դա կատարվեց հենց Իրանի շնորհիվ:
Հենց այդ պատճառով էլ Մոսկվայում Իրանի ԱԳ նախարար Արաղչիի ընդունելությունը արժանացավ բարձր հարգանքի պայմաններով, եզրակացնում է վերջում թուրքական Milliyet պարբերականը:
Ինչ խոսք, երկրի ներկայացուցիչներին ընդունում են այլ երկրներում՝ հաշվի առնելով այդ երկրի ժողովուրդի դերն ու նշանակությունը ներկայիս միջազգային հարաբերություններում:
Իրանն իր վերջին քայլերով ապացուցեց, որ դառնում է ներկայիս աշխարում գլխավոր քաղաքական սուբյեկտներից մեկը:
Ինչ խոսք, պիտի բարի նախանձով մոտենալ այս խնդրին, մանավանդ, որ Իրանի դերի մեծացումը օրգանապես շահավետ է Հայաստանի համար:
Իսկ ներկայիս Հայաստանի իշխանության պահվածքը միայն ամոթի զգացում կարող է առաջացնել, ոչ միայն երկրի ներսում, այլև դրսում և հենց այդ պատճառով էլ մեր հանդեպ հարգանքը չի կարող լինել, ընդ որում ոչ միայն մեր դաշնակիցների, այլև հակառակորդների մոտ:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am
