Իսրայելը «Հեզբոլլահ»-ի շուրջ 40 թիրախների է հարվածել Լիբանանի հարավում
Իսրայելական ուժերը Լիբանանի հարավում մոտավորապես 40 թիրախներ են խոցել անցած 24 ժամվա ընթացքում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Անցած օրվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել և ոչնչացրել է «Հեզբոլլահ»-ի ավելի քան 40 ենթակառուցվածքային օբյեկտներ Լիբանանի հարավի տարբեր շրջաններում։ Խոցված թիրախների թվում են հրամանատարական կենտրոններ, ռազմական կառույցներ և լրացուցիչ օբյեկտներ»,- նշված է Իսրայելի պաշտպանության բանակի տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրությունում։
Կառույցը նաև հայտարարել է, որ հաջողվել է «որսալ» մի քանի կասկածելի օդային թիրախներ՝ կասեցնելով դրանց անցումը Լիբանանից Իսրայել։ Բացի այդ, Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերը օդային թիրախ են խոցել Լիբանանի հարավում։
Լիբանանյան լրատվամիջոցների հաղորդմամբ էլ իսրայելական օդուժի հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել Նաբաթիե ալ-Ֆաուկա քաղաքում, շարունակվել են իսրայելցի զինվորականների հարձակումները և հրետանային հարվածները Թայրի և Հարիս գյուղերի ուղղությամբ։
