«Հրապարակ»․ Գյումրեցին հասկացել է վաղուց, թե ով է Նիկոլ Փաշինյանը
«Հրապարակի» զրուցակիցը գյումրեցի ազատամարտիկ, հրապարակախոս Արա Նախշքարյանն է:
- Կիրակի օրը Նիկոլ Փաշինյանին Գյումրին, ինչպես ասում են, ապտակ հասցրեց: Փաշինյանի «Վարչաբենդի» համերգին սակավաթիվ մարդիկ էին մասնակցում, որոնց մեծ մասն այլ մարզերից ու քաղաքներից էր բերված, իսկ գյումրեցիները գրեթե չէին մասնակցում միջոցառմանը: Ինչո՞ւ Գյումրին նման ընդունելության արժանացրեց Փաշինյանին:
- Գյումրին բոլոր ժամանակներում էլ` նախկինում էլ, այսօր էլ ընդդիմադիր է: Գյումրին բոլոր ժամանակներում պահանջատեր է եղել եւ քննադատել է իշխանություններին, անկախ նրանից, թե ով է եղել երկրի ղեկավարը: Այժմ Գյումրին Նիկոլ Փաշինյանին չընդունելու մի շարք պատճառներ ունի, Միքայել սրբազանի կալանավորումից սկսած, վերջացրած Վարդան Ղուկասյանով: Այնպես չէ, որ Գյումրիում այդ ամենը մոռացել են եւ այսօր պետք է գրկաբաց ընդունեին: Նիկոլ Փաշինյանի այցը հերթական շոուն էր, հույսները անձրեւն էր, բայց հակառակի պես անձրեւ էլ չեկավ: 5000-6000 մարդ իրենք էին իրենց հետ բերել, Գյումրիից միայն դպրոցականներն էին մասնակցում, ուսուցիչները, նրանց ստիպել էին մասնակցել, իսկ երեխաները եկել էին ուղղակի համերգ նայելու, չէին եկել Նիկոլին տեսնելու: ՔՊ-ի քաղաքական թեզերի տարածումը Գյումրիում փաստացի ձախողվեց: Ես, որպես քաղաքացի, վստահաբար կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ պարտվեց:
- Գյումրիի քաղաքապետի պաշտոնը մի կարճ շրջան զբաղեցրած Սարիկ Մինասյանը կիրակի օրը Ֆեյսբուքում ամենավերջին խուլիգանի նման հայհոյել էր իրեն քննադատող քաղաքացուն: Սա ի՞նչ վարքագիծ է:
- Որպես գյումրեցի, որպես մարդ, Սարիկ Մինասյանից, եթե անկեղծ, նման բան չէի սպասում, որովհետեւ նա, ամեն դեպքում, անկախ այն բանից, որ ՔՊ-ական է, հավասարակշռված տղա է, նրա մարդ տեսակը հավասարակշռված է: Սա հերթական ապացույցն է, որ իրենց նյարդերը տեղի են տալիս: Անգամ Սարիկի նման հավասարակշռված մարդը էլ չի դիմանում մոտալուտ պարտության մտքին: Նրանք գիտակցում են, որ ինչ-որ մի բան իրենց մոտ չի ստացվում: Նրանք հասկացան, որ Գյումրին այն քաղաքն է, որտեղ չեն կարող մարդկանց վրա ազդել համերգներով, չգիտես ինչերով: Գյումրեցին հասկացել է վաղուց, թե ով է Նիկոլ Փաշինյանը: Սարիկի եւ մյուս ՔՊ-ականների պահվածքը վառ ապացույցն է այն բանի, որ նրանք իսկապես պարտվում են: Ես մի քանի հարյուր ֆեյք էջ եմ բլոկել երեկ, դա էլ այն մասին է փաստում, որ նրանք վիրավոր գազանների պես որոշել են ինչքան կարող են եւ ինչ կարող են անել:
- Իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ «Գյումրի-2» թույլ չեն տալու, որ ամեն գնով այն կանխելու են: Գյումրու ընտրություններում ի՞նչ անօրինական բան է եղել:
- Գյումրի-2` նկատի ունեն, որ ընդդիմության համախմբում թույլ չեն տալու: Նրանք ամեն ինչ անելու են, որ ընդդիմությունը չհամախմբվի, գուցե կալանավորումներ լինեն, կամ այլ քայլեր անեն, ամեն դեպքում, Գյումրու ընտրություններում ոչ մի ապօրինի բան չի եղել: Գյումրիում ընդդիմությունը միացավ եւ ջախջախիչ հաղթանակ տարավ նախորդ տարի, եւ իշխանություններն այս մեկ տարում դա չեն կարողացել մարսել:
