Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան
«Նիկոլ Փաշինյանը վախեցնում է ժողովրդին պատերազմով։ Նշվեց, որ սեպտեմբերին տեղի կունենա ավերիչ պատերազմ: Ուզում եմ Ձեր կարծիքը իմանալ, ի՞նչ եք կարծում Դուք այդ պատերազմի մասին, կլինի՞ արդյոք դա, թե՞ չէ։ Ալիևն իրեն հարմար իշխանության անկումից հետո կգնա՞ այդ քայլին, թե չէ ու ինչքանո՞վ մենք պատրաստ կլինենք այդ պատերազմին ընտրություններից հետո»,- «Հայաստան» դաշինքի՝ Վանաձորում հանդիպման ժամանակ Դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարց ուղղեց ներկա երիտասարդներից մեկը:
Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․ «Բացառում եմ ընդհանրապես։ Ելույթումս ասացի, որ պատերազմի վտանգն իրենք ուռճացնում են մեկ նպատակով՝ այդ մահակը ձեռքին ունենալու՝ ձեր կամքի վրա ազդելու համար, ձեզ ճնշելու համար։ Ինձ չեն վախեցնում, ձեզ են վախեցնում: Հիմա Դուք ինքներդ ձեզ պիտի հարց տաք՝ «ես վախկո՞տ եմ, ես վախեցա՞, թե չվախեցա»։
Ինչ վերաբերում է՝ պատերազմ կամ խաղաղություն․ մեր մոդելը հետևյալն է․ պետք է երաշխավորված խաղաղություն․ երաշխավորված խաղաղությունը նշանակում է, որ խաղաղությունը կախված չլինի Քոչարյանից, Փաշինյանից կամ որևէ մեկ այլ անձից: Խաղաղությունը, որը կախված է մեկ անձից, խաղաղություն չէ: Դա խաղաղություն չէ:
Մեր մոդելը հետևյալն է՝ երաշխավորված խաղաղություն: Սա այն է, ի դեպ, ինչը այս իշխանությունը չի ուզում: Այս իշխանությունը չի ուզում երաշխավորած խաղաղություն, ասում է՝ մենք Ալիևի հետ պայմանավորվել ենք, արդեն խաղաղություն է։ Բայց Ալիևը վաղը որ մտափոխվի, ի՞նչ ես անելու, իսկ ինքը ինչի՞ է ուզում այսպիսի խաղաղություն․ քանի որ ինքն է պայմանավորվել Ալիևի հետ, այդ խաղաղությունը պարտադիր կերպով սվարկայով կապված լինի իր անվան հետ, որ երբ գան ընտրական ցիկլեր, ինքը կանգնի-ասի՝ բայց այս խաղաղությունն իմ հետ է կապված։ Խաղաղությունը փորձում է սարքել իր անձնական բրենդը, մինչդեռ իր անձնական բրենդը պատերազմն է և արհավիրքները:
Հիմա սխեման սա է։
Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ նույնիսկ խոսակցությունը պատերազմի մասին վերանա: Այդ խոսակցությունները, այդ դիսկուրսը առողջ դիսկուրս չի»։
