Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան
Այսօր՝ ապրիլի 18-ին, Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ նաև 1988 թվկանին Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքներին և ներկայացրեց, թե ինչպես են այն ժամանակ լուծել այդ խնդիրը։
«97 թիվն էր, վարչապետ էի, երբ առաջին անգամ այցելեցի Սպիտակ։ Ինձ մոտ չկար տպավորություն, թե ես քաղաք եմ մտել։ Սովորաբար քաղաքները ոնց են ձևավորվում, քաղաքի կենտրոն, կենտրոնից ճյուղավորվում է ծայրամասերը։ Քաղաքի կենտրոնը չկար։ Երբ այն ժամանակ սովետը սկսեց վերականգնելու ծրագիրը իրականացնել աղետի գոտում, նոր հարթակներ էին ստեղծում, շին հարթակներ, բայց քանի որ կենտրոնը շատ ավելի ջանք էր պահանջում, խնդիրը դրված էր արագ լուծել հարցը, հնարավորին արագ տանիք տալ մարդկանց, ովքեր իրենց տները կորցրել են և տպավորությունը այնպիսինն էր, որ քաղաք չկա։ Այստեղ շին հրապարակ, այնտեղ, իրարից հեռու, ենթակառուցվածքներ չկան, դպրոցը չկա։ Այն ժամանակ ուղղակի միտքը հետևյալն էր․ լուրջ ներդրում անել կենտրոնին և հավաքել այդ քաղաքը, ոնց որ պիտի լինի քաղաքը, իր կենտրոնով, ծայրամասերով, իր ենթակառուցվածքներով:
Եվ այն ժամանակ քաղաքականությունը մենք փոխեցինք երևի մի 180 աստիճանով: Նույնը արեցինք Գյումրիում այն ժամանակ։ Մեծ ծրագրեր կային և՛ քաղաքի կենտրոնի, և՛ ամրացումների և այլն։ Եվ ես զգացի, որ քաղաքը երկրորդ, երրորդ, չորրորդ տարին ոնց որ վերակենդանանում էր:
Սկսեցին մարդիկ սեփական ներդրումներ անել, ռեստորաններ բացել, կաֆեներ, աշխատատեղեր բացել։ Հակառակ դեպքում ուղղակի չէր լինի։ Դա ուղղակի ինչ-որ իրարից անկախ թաղամասեր էին, որոնց պետք է կապեինք մենք այդ կենտրոնով, որը ձևավորելով՝ դու քաղաք ես ստանում»,- նշեց նա։
