Իջեւանում հողին հանձնեցին ավտովթարից զոհված 19-ամյա պայմանագրային զինծառայողին. NEWS.am
Իջևանում այսօր հողին են հանձնել երկու օր առաջ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարից մահացած 19–ամյա պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանին։
Անդրանիկը «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակից էր։ NEWS.am–ի հետ զրույցում Անդրանիկ Գրիգորյանի դպրոց տնօրենն ասել է. «Փետրվարի 25-ին երբ որ մտանք դպրոց, առավոտյան լսեցինք այդ ցավալի լուրը, որ Անդրանիկ Գրիգորյանը վթարի է ենթարկվել։ Մենք բոլորս սիրել ենք Անդրանիկին, Անդրանիկը դպրոցում եղել է կարգապահ, խելոք, աշակերտ, լավ տղա, լավ մարդ, չեմ կարող չհիշատակել նրա կազմակերպված, ընկերասեր լինելը։ Բոլորս ցավով ենք ընդունել այս լուրը և բոլորս ընտանիքի հետ միասին ցավում ենք նրա անժամանակ կորուստը»։
Անդրանիկ Գրիգորյան զբաղվում էր սպորտով, հաճախ մրցումների էր մասնակցում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՝ փետրվարի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00:25-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 98 կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, մի քանի ծառ արմատախիլ արել և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվողներ՝ Կոտայքի մարզում հաշվառված 19-ամյա Անդրանիկ Գ.-ն տեղում մահացել է, իսկ Տավուշի մարզի բնակիչներ 19-ամյա Սևակ Ա.-ն և 20-ամյա Սամվել Խ.-ն, տեղափոխվել են հիվանդանոց։
