«Հրապարակ». Ախտոյանների հարսն ու թոռները ցանկացել են վերադառնալ
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Մերձավան համայնքից վտարված Ախտոյանների հարսն ու թոռները վերջերս ցանկություն են հայտնել վերադառնալ գյուղ, սակայն հանդիպել են սպանված Վալոդյա Գրիգորյանի հարազատների դիմադրությանը։ Մերձավանից մեզ պատմեցին, որ Գրիգորյաններին նախաքննական մարմինը հարցրել է՝ դեմ չե՞ն լինի, որ Փարաքարի ավագանու ՔՊ-ական անդամ Դավիթ Ախտոյանի կինն ու երեխաները վերադառնան գյուղ, եւ երեխաները գյուղի դպրոց հաճախեն, սակայն Գրիգորյաններն ասել են՝ դա հնարավոր չէ, քանի որ իրենց երեխաները, որոնք 11-12 տարեկան են եւ մյուս կողմի երեխաներին հասակակիցներ, չեն հանդուրժի նրանց զավակներին դպրոցում, կռիվ եւ լարվածություն կլինի։ Ի վերջո, որոշվել է՝ մթնոլորտը չլարելու համար, ձեռնպահ մնալ այդ քայլից։
Ի դեպ, մեզ ասացին, որ, ըստ լուրերի, պետությունն Ախտոյաններին տեղավորել է Դիլիջանում։ Մերձավանում այժմ մշտապես ոստիկանական ուժեր են կենտրոնացած, հսկում են ամեն խաչմերուկ ու փողոց։
Հիշեցնենք, որ Մերձավանում ապրող ՔՊ-ական Ախտոյանների գերդաստանին ու բարեկամներին վտարելու պահանջով գյուղացիները հոկտեմբերի 12-ին ստորագրահավաք էին արել գյուղում։ Այդ օրը սկսված ակցիան, ինչպես տեղի բնակիչներն էին պնդում, կազմակերպիչ չուներ` ինքնաբուխ էր: Մարդիկ վրդովված էին իրենց համագյուղացու՝ Փարաքարի սիրված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից, եւ բնական է, որ այդ զայրույթն ուղղված էր սպանության մեջ մեղադրվողների եւ նրանց ողջ ազգուտակի դեմ: Գյուղում լարված մթնոլորտ էր տիրում, եւ չէր բացառվում, որ կարող էին նոր ողբերգություններ լինել:
Ուստի Փարաքար համայնքի բնակիչները որոշել էին ստորագրահավաք անել եւ դիմել կառավարությանը, որ Ախտոյաններին հանեն հաշվառումից ու հեռացնեն համայնքից: Բնակիչների պահանջը կատարվել էր, «Հրապարակ»-ը գրել էր, որ Ախտոյաններն ազգուտակով հեռացել են Մերձավանից։ ՔԿ-ից հաստատել էին մեր տեղեկությունը, սակայն մանրամասներ չէին հաղորդել, թե ինչպես է տեղի ունեցել Ախտոյանների մեկնումը, ինչ միջոցներով, ովքեր եւ ուր են տարել նրանց:
Նշենք, որ Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանը, որը Վալոդյա Գրիգորյանի սպանությունն օժանդակելու մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի քեռորդին է, երկրում չէ: Նա դեռ Վ․ Գրիգորյանի սպանությունից առաջ էր լքել Հայաստանի Հանրապետությունը եւ մինչ օրս չի վերադարձել։ Ըստ վարկածներից մեկի, Մհեր Ախտոյանը տեղյակ է եղել Վալոդյա Գրիգորյանի առաջիկա սպանության մասին։
Հիշեցնենք, որ Մերձավանի իր տան դիմաց 2,5 ամիս առաջ սպանված Վալոդյա Գրիգորյանի գործով երկու մեղադրյալ կա. մեկը Մերձավանի ՔՊ-ական նախկին վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի ազգական Նարեկ Օհանյանը՝ որպես օժանդակող, մյուսը՝ բուն սպանության մեջ մեղադրվող 20-ամյա Գեւորգ Հարությունյանը: Իրավապահներն այս ողբերգությունը բացահայտված են համարում, ավելին՝ հայտարարել են, որ սա վրեժխնդրություն է՝ դեռ փետրվարին տեղի ունեցած սպանության համար, երբ Փարաքարի գյուղապետի եղբայրն ու եւս 13 հոգի գնացել էին Ախտոյանների տան վրա, կոնֆլիկտի արդյունքում սպանվել էր Ախտոյանների ազգականը՝ Գրիգոր Օհանյանը: Հենց նրա եղբայրն էլ՝ Նարեկը, այժմ մեղադրվում է Վալոդյա Գրիգորյանի սպանությանն օժանդակելու` պատվեր տալու համար
: Ըստ նախաքննական վարկածի, սպանվածի հարազատները վրեժ են լուծել իրենց ազգականի մահվան համար, սակայն, չգիտես ինչու, սպանել են միջադեպին մասնակցածներից մեկի եղբորը, այն դեպքում, որ անձն անգամ սպանության մեջ չի մեղադրվում:
Աննա Պապիկյան
«Հրապարակ օրաթերթ»
