Ինչքան հակասական ու անկանխատեսելի ազգ ենք մենք․․․
Եթե որևէ օտարերկրացի փորձի հասկանալ հայ մարդու էությունը, վստահ եմ` կապշի, թե ինչքան հակասական ու անկանխատեսելի ազգ ենք մենք: Մեր սիրուց ատելություն կեսքայլ է, մեր զայրույթը վայրկենական կարող է փոխակերպվել կարեկցանքի, իսկ ամեն ինչ հանդուրժելու անսպառ համբերությունը` ամեն ինչ փշրելու ու մերժելու ցասումի:
Ինձ համար վերջին տասնամյակում մի քանի իրավիճակ է եղել, որոնք բացատրել- ընկալել ես անկարող եմ: Մեկը 2017-ի ընտրություններն էին, երբ մարդիկ միմիմալ դիմադրություն ցույց չտվեցին` գնացին և 700 հազար մարդ ընտրեցին Հանրապետականին (կապ չունի` 10 հազար դրամով, թե առանց դրա), իսկ մեկ տարի անց, պարզվեց, որ իրականում ատում էին Հանրապետականին և ամբողջ հոգով իշխանափոխություն էին երազում: Երբ նրանցից ընդամենը մի բան էր պահանջվում` 17-ին գրչի մի հարվածով ջնջել իշխող կուսակցությանը և խաղաղ տուն ճանապարհել, բայց այդ պարզ գործողությունը չարած մարդիկ` ընդամենը մեկ տարի անց, խելակորույս լցվեցին փողոցները և մի մեծ ավանտյուրայի մեջ ներքաշվեցին` գնալով անհայտ ու անփորձ մարդու-մարդկանց հետևից և առանց երկար-բարակ մտածելու` անօրինական ճանապարհով նրանց բերելով իշխանության:
Հասուն հասարակությունն, իհարկե, անգամ դրանից հետո կմտածեր, որ ճիշտ չէ անսահմանափակ լծակներ տալ մի անփորձ խմբակի ձեռքը և 2018-ի սեպտեմբերին Երևանի, ապա դեկտեմբերին` ԱԺ ընտրություններում կփորձեր այլ ուժերի էլ քվե տալ, որ 80 տոկոսանոց մեծամասնություն չունենա այդ ուժը և չարիք չդառնա երկրի գլխին, չլկտիանա իր ստացած անսահմանափակ իշխանությունից: Բայց մեր ժողովուրդը նման «մանր-մունր» բաների հետևից չի ընկնում` նա սիրում է, ատում է, նվիրվում է անմնացորդ, իր սիրով էլ փչացնում է և իր իշխանություններին, և իր զավակներին: Նրանց դարձնում է մոնստր ու ձեռքը կրակն ընկնում:
Տեսեք, թե ի՜նչ քծնանքով ու պատկառանքով են ընդունում իշխանություն ունեցող ցանկացած մեկին մեր գյուղերում, տարբեր միջոցառումների ժամանակ, տարբեր հիմնարկներում, ինչպես են անարժան մարդկանց մեծարում, պաշտում` փչացնում: Չնայած հաճախ լավ էլ գիտեն, որ այդ պաշտոնյան ոչ մի լավ բան չի արել և չի անելու իրենց համար, որ մի դատարկ ֆուտլյար է` Նազարի բախտով այդ պաշտոնին հայտնված:
Հանուն արդարության ասեմ նաև, որ շատ քիչ մարդ կարող է դիմանալ այդ քծնանքին ու չփչանալ: Իսկ եթե մարդը մինչ այդ վատ է ապրել, սիրված չի եղել, թերի կրթություն ու դաստիարակություն է ստացել, կայացած չէ` որպես անձ, ուրեմն խաչ քաշեք նրա վրա` նա այլևս կորած մարդ է հասարակության համար:
Ես մի բանաձև գիտեմ ու մի առաջարկ ունեմ` փոքրուց պետք է մեր երեխաներին սովորեցնենք չքծնել, չշողոքորթել և ոչ մի պաշտոնյայի, նրանք թագավորներ չեն, այլ ժողովրդի ծառաներ...
Արմինե Օհանյան
Հրապարակ օրաթերթ
