Քանի հոգով են ծեծի ենթարկել Հակոբյանին
«Հանրային գործիչ Միհրան Հակոբյանի հանդեպ կիրառված բռնության պատճառը կարող է լինել բացառապես նրա հրապարակային գործունեությունը»,- հայտարարում է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Հարձակումը, ըստ ամենայնի, ուղղակիորեն կապված է նրա ակտիվ դիրքորոշման և քննադատական հրապարակումների հետ։ Այո, այս իրավիճակի շահառուն կարող են լինել իշխանությունները կամ նրանց որոշ շրջանակներ»,— նշել է Մելիքյանը։
Փաստաբանի խոսքով՝ Հակոբյանը վերջերս կատարել է մի շարք կոշտ քննադատական գրառումներ, իսկ իրավապահ մարմինները այժմ ունեն արագ և մանրակրկիտ բացահայտման բոլոր հնարավորությունները։ Նա նշեց, որ արդեն մի քանի ոստիկաններ այցելել են Հակոբյանին։
«Թող իրենց աշխատանքը կատարեն, բացահայտեն, և բոլորս հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել»,— հավելեց նա։
Մելիքյանը ընդգծեց, որ Հակոբյանի առողջական վիճակը դեռ ուսումնասիրվում է․ դեմքի շրջանում առկա են տեսանելի վնասվածքներ։ Նրա տրամադրած տեղեկություններով՝ հարձակվողները առնվազն երեքն են եղել և եղել են դիմակավորված։
Պատասխանելով հարցին, թե արդյոք Հակոբյանին մի քանի օր շարունակ հետևել են, Մելիքյանը նշեց, որ նման տեղեկություն ինքն էլ է ստացել, բայց այս պահին չի կարող հաստատել դրա ճշգրտությունը։
