Անդրանիկ Վարդանյանը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այնքան աշխույժ, ուրախ, կյանքով լի երեխա էր Անդրանիկը: Յուրահատուկ էր, յուրատեսակ, չգիտեմ էլ, թե ինչպես բնութագրեմ իրեն: Երբ ծանոթանում ես մեր անմահացած տղաների կենսագրությանը, ուղղակի ապշում ես, թե ինչպես բոլորը կարող են իրար այդքան նման լինել, բոլորն էին յուրահատուկ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նարինեն՝ Անդրանիկի մայրիկը:

Նշում է՝ որդին շատ լավ ձայն ունի, հրաշալի երգում է, եղել է Թովմաս Պողոսյանի սանը՝ «երաժշտության հետ շատ կապված էր»: Որդիների մասին պատմությունների ժամանակ ներկա ու անցյալ ժամանակներն այնքան սահուն են իրար հաջորդում, բայց երկրորդն այնքան անսովոր է թե՛ ասողի, թե՛ լսողի համար: Անդրանիկը նաև տարբեր սպորտաձևերի է հաճախել՝ թենիսի, կարատեի, ֆուտբոլի, սակայն որևէ տեղ երկար չի մնացել: Մայրիկի խոսքով, հիասթափվում էր, մի պատճառ գտնում, որ դադարի հաճախել պարապմունքների: «Դպրոցական տարիներին շատ ակտիվ էր: Խելացի էր, բայց ծուլանում էր: Ուսուցիչները միշտ ասում են՝ իրեն շատ ենք սիրել իր աշխուժությամբ ու անկարգություններով հանդերձ, որովհետև երբեք չի հակաճառել, միշտ հարգանքով է եղել յուրաքանչյուրի հանդեպ: «Միշտ հարգել ենք իր մարդ տեսակը»:

Հատկապես 8-րդ դասարանն ավարտելուց հետո չէր սովորում: Նոր դասագրքերը ստանում էր և նույն՝ մաքուր ու խնամված տեսքով տարեվերջին հանձնում: Ասում էր՝ գրքերը լավ եմ պահում, որ հաջորդ ստացողը վերցնի և ուրախանա, որ նոր գիրք է ստացել»: Անդրանիկը երկու քրոջ կրտսեր եղբայրն է: Գերազանց առաջադիմությամբ և կարմիր դիպլոմներով բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտած քույրերի եղբայրը որոշել էր ընդունվել Ագրարային համալսարան՝ գինեգործության բաժին: «Շատ էր սիրում այդ ուղղությունը: Առանց պարապելու քննություն հանձնեց, մեկ բալի պատճառով չընդունվեց իր նախընտրած բաժինը: Ասաց. «Ոչինչ, չեմ հուսահատվի, կծառայեմ, կգամ, կպարապեմ ու կընդունվեմ»»: 2021 թ.-ի առաջին զորակոչով Անդրանիկը մեկնում է ծառայության: «Իրեն ասում էինք՝ դեռ ժամանակ ունես, մինչև մարտի, ապրիլի վերջ ժամանակ կա:

«Մա՛մ ջան, ի՞նչ տարբերություն»: Գնաց զինկոմիսարիատ, իր օրը փոխեց՝ «շուտ գնամ, որ շուտ հետ գամ»: Շատ էր ուզում ծառայել, իր ընկերներից, դասընկերներից զոհված տղաներ կային, շատ ծանր տարավ նրանց կորուստը: 44-օրյայի ժամանակ ընկերների հետ այնքան օգնություն էին հավաքում, դասավորում և ուղարկում, գիշերը շատ ուշ նոր տուն էր գալիս: Նվիրված էր հայրենիքի, բանակի գաղափարին: Մեզանից թաքուն նաև գնացել էր, որ մարտի դաշտ մեկներ, բայց իրեն հետ էին ուղարկել՝ «քո ժամանակը չի, երբ քո ժամանակը կգա, կգնաս»: Եկել էր տուն, հուզված, ձեռքը խփում էր սեղանին՝ մա՛մ, ո՞նց կարող եմ հաց ուտել, երբ իմ ընկերներն այնտեղ զոհվում են: Հետո, երբ Եռաբլուրում այցելել էր զոհված տղաներին, շիրիմների մոտ իր ընկերներին ասել էր՝ մի լացեք, երկու տարի հետո էլ ես եմ այստեղ լինելու, իմ տեղն այստեղ է: Անդրանիկի զոհվելուց հետո իր ընկերները պատմեցին, որ նման բան է ասել: Մեզ հետ զրույցների ժամանակ էլ ասում էր՝ մա՛մ, մեր թիվն անիծված թիվ է: Երբ բանակ ճանապարհելուց ասացի՝ Ա՛նդ ջան, բարով գնաս, բարով գաս, արձագանքեց՝ մա՛մ ջան, Աստծու ձեռքում է, եթե կամենա, կգամ, եթե չէ, ուրեմն չէ: Հավատքով էր: Տանը սրբապատկերների մի անկյուն ուներ: Միշտ աղոթում էր, համբուրում և նոր տանից դուրս գալիս»:

Երբ մայրիկին հարցնում եմ, թե ինչպիսին էին նրա զգացողությունները, երբ պատերազմից հետո որդուն բանակ էր ճանապարհում, արձագանքում է՝ մեր մեջ միշտ վախ կար: «Ամիսը երկու անգամ գնում էինք իր մոտ, վախ ունեինք, որ հանկարծ մի բան չլինի իրեն: Երբ դիրքեր էր բարձրանում, ամուսինս ու ես մեր տեղը չէինք գտնում»: Անդրանիկի ծառայության առաջին տարին անցել է Վայքի զորամասում, իսկ հետո տեղափոխվել է Ջերմուկ: Մեկ տարի և յոթ ամսվա ծառայող էր, երբ 2022 թ.-ի սեպտեմբերին թշնամին հարձակվեց Հայաստանի Հանրապետության տարածքի վրա: «Հունիսից դիրքերում էր: Պետք է օգոստոսին արձակուրդ գար, բայց իրեն չուղարկեցին, քանի որ դիրքերից չէին իջնում: Զանգում էր՝ պա՛պ, չենք կարող իջնել, ոչինչ, հոկտեմբերին կգամ: Բայց հոկտեմբերին իրեն բերեցին, ինքը չեկավ: Տպավորություն է, որ կանխազգում էր ամեն ինչ: Իրենից որևէ բառ չենք լսել: Միշտ ասում էր՝ ամեն ինչ լավ է: Պատերազմի ժամանակ իր ընկերների հետ էր կապ հաստատել, ասել՝ չեմ ուզում, որ մերոնք իրենց վատ զգան, երբ իմանան, որ շատ վատ վիճակի մեջ եմ: Թող իմ պատճառով չնեղվեն: Ընկերները հորդորել էին զանգել մեզ, հանգստացնել, արձագանքել էր՝ չեմ կարող խոսել: Վերջին զանգը եղել է սեպտեմբերի 13-ի լուսադեմին՝ վեց անց կես:

Տղաները լուսադեմին են զոհվել: Տասնմեկ հոգով մինչև լուսադեմ պայքարել են, որ թուրքի տեխնիկան չմտնի իրենց դիրք, իսկ հետո՝ Ջերմուկ: Իրենց դիրքի շնորհիվ է, որ հիմա Ջերմուկը կա: Տղաներն իրար մեջ երդվել են, որ դիրքը չեն լքելու: «Այսքան տանջվել ենք ու չենք լքելու մեր դիրքը»: Այս զրույցի մասին մեզ հետո այլ տղաներ են պատմել»: Անդրանիկը ուշ է տուն «վերադարձել», իսկ հոկտեմբերի 4-ին նրա մարմինն ամփոփվել է Եռաբլուրում: «Մերոնք մի քանի անգամ գնացել են Անդրանիկին ճանաչելու: Վնասվածքներ ուներ գլխին, դեմքը փոխվել էր, այդ առումով դժվար էր իրեն նույնականացնելը: Հետո եկել է ԴՆԹ հետազոտության պատասխանը: Նախքան բանակ գնալը, ատամներին բրեկետներ էր կրում, որոնք ծառայության ժամանակ հանել էր: Մերոնք Անդրանիկիս ատամնաբույժին են խնդրում գնալ իրենց հետ: Հետաքրքիր է, բայց բժիշկն ասել էր, որ իր երկար տարիների աշխատանքի ընթացքում երբեք որևէ հիվանդի ատամների գիպսը չի պահել, բայց Անդրանիկինը, չգիտես ինչու, պահել էր: Նաև դրա օգնությամբ է հաստատվել մեր որդու ինքնությունը»:

Ծանր օրերից հետո Անդրանիկի ծնողները մի բարդ, բայց կարևոր ու ապրեցնող որոշում են կայացրել՝ իրենց ընտանիքում կրկին պետք է երեխայի ճիչ լսվի: Ապրիլին կծնվի Անդրանիկի եղբայրը: «Անդրանիկը շատ էր ուզում եղբայր ունենալ, միշտ ասում էր՝ քույրիկներին քույրիկ ես բերել, իսկ ես եղբայր չունեմ: Արձագանքում էի՝ դու իմ միակն ես, իմ ամբողջ սերը, որպես որդու, քեզ եմ տվել: «Մա՛մ, ինձ էլ եղբոր թև ու թիկունք էր պետք»: Ծանր օրեր ապրեցի, բարդագույն օրերի միջով անցանք ու շարունակում ենք անցնել: Բայց հավատ ունեմ, իմ հավատն ու հույսն Աստված է, իմ կապն Աստծո հետ ավելի է ամրացել: Ուժս ստանում եմ երկնքից, իմ երեխու ուժն ինձ է փոխանցվում: Ես չեմ չարացել, ուրախանում եմ բոլորի ուրախությամբ: Երբ նեղսրտում եմ, լալիս, ինձ հաճախ ասում են՝ երեխաներ ունես, թոռներ, իրենցով ուրախացիր: Էլի ուրախանում եմ, մեր աղջիկները մեր թև ու թիկունքն են, մեր ամեն ինչը, մեր ուժը: Բայց ամեն երեխա իր սերն ու տեղն ունի: Այնքան երազանքներ ունեի Անդրանիկի հետ կապված: Բացի դա, ծնողի համար ամեն երեխա իր տեղն ունի: Իմ Անդրանիկն ուրիշ էր: Ինձ միշտ ասում էր՝ մամա՛ ջան, քեզ միշտ ջահել տեսնեմ, իմ մաման միշտ պետք է ջահել լինի: Հիմա էլ այս մտքերն են մեզ ուժ տալիս, որ փորձենք ամուր մնալ, ուժեղ լինել՝ հանուն Անդրանիկի, որովհետև մեր որդին մեզ կուզեր այդպիսին տեսնել»:

Հ. Գ. -Անդրանիկ Վարդանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և պատվոգրերով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 424 անգամ
Լրահոս
Անթալիայում ավտոբուս է շրջվել. կան մեծ թվով զոհեր և տուժածներ Որ սահմանը բացվի, Հայաստանն ի՞նչ է արտահանելու Թուրքիա. լրագրող Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը. «Հետք» Որտեղ Նիկոլ Փաշինյան, այնտեղ պարտություն Ստամբուլ–Թեհրան չվերթը կատարող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Գագիկ Սուրենյանը լավ լուր է հայտնել Ինչո՞վ է առաջնորդվել Երևանը Արցախում բռնված սիրիացի վարձկաններին փոխանցելիս Արարատի մարզում ավտոմրցաշարը ողբերգական ավարտ է ունեցել. 30-ամյա մասնակիցը մահացել է Քարաթափում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի Թե ինչու է Հայոց Եկեղեցին հաղթած. Մելիքյան Սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով Մարտունիում պայթյուն է տեղի ունեցել բնակարաններից մեկում Թրամփը հայտարարել է, որ Իրանը ԱՄՆ-ի հետ «լուրջ բանակցություններ» է վարում Աբովյան-Արզնի ճանապարհին բախվել են «Nissan X-Trail»-ն ու «Opel»-ը. կա վիրավոր Եթե պատերազմ սկսվի, այն կլինի տարածաշրջանային. Խամենեի Հայր Հովհաննեսը «Իզմիրլյան» ԲԿ-ում պատարագ է մատուցել. Միքայել Սրբազանը մասնակցել է հիվանդասենյակից ՊՆ-ն նախարարն ու ԳՇ պետը փորձել են ճնշումներ գործադրել գնդերեցների վրա․ Տեր Պսակ 5 տարի 2 ամիս 3 օր մեռած էի, հունվարի 14-ին բացվեցին աչքերս, որ տեսնեմ մարդկանց, որոնք ինձ թաղել էին Երևանում բախվել են «BMW»-ն ու «Nissan»-ը. վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ Արգելափակվել է ԳՀԽ եպիսկոպոս անդամների ելքը երկրից․ Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Տեր Օշինի փաստաբանին վարույթին մասնակցելուց ազատել են․ որոշումը բողոքարկվել է Ոչ մի տիրադավ մեղադրյալ չէ, ներառյալ Նավասարդ արք. Կճոյանը. Մելիքյան Հրազդանի «Գայի պոստ»-ի մոտ բախվել են «Mercedes»-ը, «Լադա»-ն և «Hyundai Elantra»-ն Սա այլևս ոչ թե պաշտոնական դիրքի չարաշահում է, այլ՝ տոտալ բեսպրեդելություն. Սևակ Խաչատրյան Հակաեկեղեցական այս արշավը, արդարև, անխոհեմ է, ազգադավ և պետականաքանդ․Հայր Ասողիկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am