Ասադը պատրաստ է հրադադարի
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ պատրաստ է հրադադարի՝ պայմանով, որ ահաբեկիչները այն չօգտագործեն իրենց նպատակների համար: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net-ը՝ հղում անելով իսպանական EI Pais պարբերականին տված նրա հարցազրույցին: «Մենք պատրաստ ենք այդ հրադադարին, բայց կարևորը դրա պատրաստակամության մասին հայտարարելը չէ, այլ այն, որ այդ հրադադարի շրջանակներում թույլ չտրվի ահաբեկիչների դիրքերի ամրապնդում: Կարևոր է, որ որոշ երկրների, հատկապես Թուրքիային արգելվի ուղարկել սպառազինություն և նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերել ահաբեկիչներին»,- ասել է նա: Ասադը նաև նշել է, որ Ռուսաստանի և Իրանի աջակցությունը անխոս մեծ դեր է խաղացել սիրիական բանակի առաջխաղացման գործում: Նրա խոսքերով՝ Սիրիային ակնհայտորեն անհրաժեշտ է այդ օգնությունը մեկ պարզ պատճառով, այն է՝ գոյություն ունեն մոտ 80 երկրներ, որոնք տարբեր միջոցներով աջակցում են ահաբեկիչներին: «Ոմանք ուղղակիորեն են դա անում, մյուսները՝ դրամական միջոցներով, նյութատեխնիկական աջակցությամբ, զենքով կամ զինյալներով: Ոմանք էլ միջազգային տարբեր հանդիպումների ընթացքում քաղաքական աջակցություն են առաջարկում նրանց»,- ասել է նա:
