Ահաբեկիչները Սիրիա են ներթափանցում Թուրքիայից
Սիրիայի նախագահը ենթադրում է, որ ահաբեկիչները Սիրիա են ներթափանցում Սաուդյան Արաբիայից և Թուրքիայից: Այդ մասին նա հայտարարել է իսպանական EI Pais թերթին տված հարցազրույցում: «Սաուդյան Արաբիան այդ ահաբեկիչների գլխավոր ֆինանսիստն է: Նրանց ինքնաթիռ են նստեցնում և ուղարկում են Թուրքիա, այնտեղից էլ՝ Սիրիա»,- ասել է Ասադը: Նա ավելացրել է, որ Թուրքիան ահաբեկիչներ էր ուղարկում և… ի սկզբանե ներգրավված է եղել Սիրիայի դեպքերին»: Ուստի նա անհնարին է համարել Սիրիայի տարածքում սաուդյան կամ թուրքական ցամաքային զորքերի գործողությունները: «Դա պատրվակ է: Եթե դա տեղի ունենա, մենք նրանց կվերաբերվենք որպես ահաբեկիչների: Մենք պաշտպանում ենք մեր երկիրը: Ոչ ոք իրավունք չունի ներխուժելու Սիրիա՝ լինի դա քաղաքական, թե ռազմական տեսանկյունից»,- ասել է Ասադը: Սիրիայի նախագահը նաև խոստացել է համաներում շնորհել զենքը վայր դրած ընդդիմադիրներին: «Մենք նրանց համաներում կհայտարարենք. դա մենք անում ենք վերջին երկու տարիներին, իսկ վերջերս՝ ավելի հաճախ»,- ասել նա՝ նշելով, որ «օրենքով և Սահմանադրության համաձայն՝ բոլոր նրանք, ովքեր զենք են ուղղում մարդկանց և իշխանությունների դեմ, ահաբեկիչներ են՝ թե՛ իրենց երկրում, թե՛ մեր երկրում, թե՛ աշխարհի ցանկացած երկրում»:
